չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Քննիչն ու վարչության պետը ծնողների հետ չեն ուզում հանդիպել, ասում են՝ ժամանակ չունեն. փաստաբան

Քննիչն ու վարչության պետը ծնողների հետ չեն ուզում հանդիպել, ասում են՝ ժամանակ չունեն. փաստաբան

Ես հանդիպում ունեցա Քննչական կոմիտեի խոշտանգումների վարչության պետի՝ պարոն Իվանյանի եւ քննիչի՝ պարոն Մկրտչյանի հետ, առաջարկեցի իջնեն եւ գործի ընթացքի մասին տեղեկացնեն ծնողներին, նրանք ցանկություն չեն հայտնել իջնել եւ հանդիպել ծնողներին՝ պատճառաբանելով իրենց ծանրաբեռնվածությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ՔԿ-ի դիմաց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Ես առաջարկեցի, որ քննչական գործողությունների ավարտից հետո իջնեն, նույնիսկ այդ դեպքում չեն ցանկանում իջնել: Կարծում եմ՝ մերժումը սուբյեկտիվ է, ավելի շատ անձնական բնույթ է կրում, իրավական հարթությունից  դուրս է:

Ինչ վերաբերում է գործի ընթացքին, ապա ես դեռ սկզբից միջնորդություն էի ներկայացրել, որ ցանկացած անձի մեղադրանք ներկայացվելու դեպքում, հանրային քրեական հետապնդում ձեռնարկելու դեպքում այդ որոշումն ուղարկվի ինձ, որպեսզի ներկայացվի ծնողներին, բայց մինչ օրս այդպիսի որոշում չի կայացվել եւ մեզ չի տրամադրվել: Այսինքն 8 ամիս է գործով որեւէ ընթացք չկա: Քննությունը կրում է ալիքային բնույթ, երբ ծնողները բողոքի ակցիա են անում, դրան հաջորդում է վարույթային, ապացուցողական գործողությունների  կատարում, բայց դրանք ավելի շատ ձեւական բնույթ են կրում՝ քողարկելու իրենց անգործությունը»,-ասաց նա:

Փաստաբանը նկատեց, որ այս գործով զոհվածների ծնողները տուժող կողմ են, բայց իրենք են նախաձեռնողականություն ցուցաբերում, միջնորդություններ ներկայացնում՝ հարձաքննելու այս կամ այն անձանց, կատարելու այս կամ այն գործողությունները. «Մեր միջնորդությունները բավարարվում են, բայց այդ գործողությունները չեն կատարվում: Սա այն գործն է, որտեղ ոչ քննիչն է որոշում, ոչ վարչության պետը: Այս գործով որոշում կայացնողը մեկ անձ է եւ բոլորս գիտենք, թե նա ով է: Հավանբար այս պահին այդ անձի ցանկությունը կամ կամքը չկա, որպեսզի  այս գործով որեւէ մեկին մեղադրանք ներկայացվի:

Քանի որ ոստիկանությունն այսօր իշխանության պատվարն է, հենարանն է եւ իրենք շատ լավ գիտեն, որ անգամ մեկ ոստիկանի այս գործով մեղադրանք ներկայացնելու դեպքում հետագայում դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ առաջացնել, մասնավորապես, ոստիկանները այլեւս չկատարեն համանման հրամաններ: Դրա համար էլ որեւէ մեկին մեղադրանք չեն ներկայացնում»,-ընդգծեց Վահան Հովհաննիսյանը:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները այսօր ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։

  • Կիսվել: