երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-ֆիննական գործակցության հեռանկարները

Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-ֆիննական գործակցության հեռանկարները

Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի 14-ին հյուրընկալել են Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի գլխավորած պատվիրակությանը։
Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-ֆիննական գործակցության հեռանկարները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը ներկայացրել են կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, ծանոթացրել օտարերկրյա կազմակերպություններին Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգին։ Անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրով հանրապետությունում դպրոցների, մանկապարտեզների, մարզամշակութային և առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերին, նաև «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի իրագործանը՝ դիտարկվել է դրանցում ֆիննական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Հանդիպմանը մասնակցել է ֆիննական շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների շահերը ներկայացնող «East Office of Finnish Industries» ասոցիացիայի գործադիր տնօրեն Յան Հարջունպան, ով ծանոթացրել է նման ծրագրերի իրագործման իրենց փորձին, կիրառվող տեխնոլոգիաներին և շինարարական նյութերին։ Նա առանձնահատուկ շեշտել է նախագծային հետաքրքիր, հարմարավետ լուծումների և էներգաարդյունավետության ապահովումը, կարճ ժամանակում աշխատանքների բարձր որակով իրականացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել՝ ֆիննական ընկերությունների փորձը և Հայաստանի համար առաջարկներն ուսումնասիրելու, համագործակցության ուղիներն առավել մանրամասն քննարկելու նպատակով։

  • Կիսվել: