երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քննարկվել են Մասիսի Կայարան թաղամասի կոյուղու խնդրի լուծման մի քանի տարբերակներ

Քննարկվել են Մասիսի Կայարան թաղամասի կոյուղու խնդրի լուծման մի քանի տարբերակներ

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն օրեր առաջ Արարատի մարզ այցի շրջանակում գտնվել էր Մասիս քաղաքի Կայարան թաղամասում, որտեղ առկա է տարիներ շարունակ չլուծված կոյուղատար համակարգի խնդիր։ Այս մասին հայտնում է կոմիտեն։

Ղալամքարյանը «Երևան» ՋՕԸ-ի տնօրեն Սերոբ Հարությունյանի հետ տեղում հանդիպել էր բնակիչներին և համայնքի ավագանու անդամներին, լսել նրանց մտահոգությունները, շրջել թաղամասում, ինչպես նաև խնդրից տուժած դպրոցի ու հարակից շենքերի տարածքներում։

Խնդրի հրատապ լուծումն ապահովելու նպատակով Կոմիտեի նախագահը հանդիպում-քննարկում է ունեցել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի, «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տեղամասի պետ Սարգիս Թորոսյանի և Մասիսի համայնքապետարանի պատասխանատու անձանց հետ։

Քննարկվել են և դիտարկվել խնդրի լուծման մի քանի տարբերակներ։ Որոշում է կայացվել, որ նպատակահարմար է նախ հրատապ և միջնաժամկետ լուծում տալ, տարածքը մաքրել կոյուղաջրից, այնուհետև պլանավորել հիմնավոր և երկարաժամկետ լուծման սկզբնական քայլերը։

  • Կիսվել: