հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քննարկվել է գազաբալոնային սարքավորումների տեղադրման ծառայությունների բարելավման հարցը

Քննարկվել է գազաբալոնային սարքավորումների տեղադրման ծառայությունների բարելավման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է գազաբալոնների վկայագրում իրականացնող 12 կազմակերպության ներկայացուցիչների և էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը, այդ աշխատանքներին խոչընդոտող հանգամաքները, լիցենզավորված կազմակերպությունների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայության որակի բարձրացման խնդիրները, գազաբալոնների վկայագրման տեխնոլոգիական պրոցեսների կազմակերպման և արդյունավետ իրականացման հետ կապված խնդիրներ:

2021 թվականի օգոստոսի 16-ից ուժի մեջ է մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա, իսկ սույն թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում օրենքի նույն հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում: Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների միասնական ռեգիստր կազմավորելու նպատակով էլեկտրոնային շտեմարանը ձևավորվում է գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերական վկայագրում իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունների կողմից գազաբալոնային տրանսպորտային միջոցներին և գազաբալոններին վերաբերող տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու եղանակով:

էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է էլեկտրոնային համակարգի ձևավորման ընթացքը, գույքագրել է հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկությունները:

  • Կիսվել: