ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Քանաքեռավանում բախվել են երկու ավտոմեքենաներ, որոնցից մեկը վնասել է գազատարը, առաջացել է գազի արտահոսք, մեքենաներից մեկը բախվել է պարսպին․ կան վիրավորներ

Քանաքեռավանում բախվել են երկու ավտոմեքենաներ, որոնցից մեկը վնասել է գազատարը, առաջացել է գազի արտահոսք, մեքենաներից մեկը բախվել է պարսպին․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Toyota Camry» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Ավետիսյանը և կրտսեր պարեկ Դավիթ Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Տավրոս Առաքելյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է փողոցով անցնող գազատար խողովակի երկաթե սյունը, ինչից առաջացել է գազի արտահոսք, իսկ «Toyota»-ն բախվել է բնակչի տան քարե պարսպին՝ մասամբ վնասելով այն։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Կոտայքի ԳԳՄ-ի Նաիրիի ծառայության աշխատակիցները։

  • Կիսվել: