երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հետևել է դպրոցների կառուցման ավարտական փուլի աշխատանքներին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հետևել է դպրոցների կառուցման ավարտական փուլի աշխատանքներին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ հետևելու կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին։

Սյունիքի մարզում ավարտին է մոտենում Վաղատինի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիրը։ Կատարվում են արտաքին բարեկարգման և ներքին հարդարման վերջին աշխատանքները։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին։

Հաջորդիվ կոմիտեի ղեկավարը Վայոց ձորի մարզում հետևել է Գոմքի միջնակարգ դպրոցի տիպային («մոդուլային») շենքի կառուցման ծրագրի ավարտական փուլի աշխատանքներին։ Դիտարկվել է նախորդ շրջայցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Այստեղ ևս ուսումնական նոր տարվան ընդառաջ շինարարական վերջին աշխատանքներն են իրականացվում։ 

Եղիազար Վարդանյանը ծրագրերն իրականացնող շինարարներին տվել է վերջին ցուցումները և հորդորել կենտրոնացնել ողջ ներուժը՝ սահմանված ժամկետում բարձր որակի ապահովմամբ ավարտելու շինարարական աշխատանքները։

Կառուցվող դպրոցներն ունենալու են բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված են լինելու ապաստարանով, հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից:

  • Կիսվել: