շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքապետարանը խոստանում է լուծել Նոր Նորքում տներից զրկվող ընտանիքներից միայն 1–ի հարցը

Քաղաքապետարանը խոստանում է լուծել Նոր Նորքում տներից զրկվող ընտանիքներից միայն 1–ի հարցը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ինքնակամ կառուցված, քանդման ենթական բնակելի 8 շինություններում ապրող միայն մի ընտանիք այլ տեղ բնակարան չունի, բայց դրսում չի հայտնվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորքում լարված իրավիճակ է։ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած հատվածում ինքնակամ կառուցված բնակելի 8 տների բնակիչները բողոքի ցույց են անում, քանի որ Երևանի քաղաքապետարանն այդ տները քանդելու որոշում է կայացրել։

«Ես գիտեմ մի ընտանիքի մասին, որ տուն չունի։ Այդ ընտանիքի խնդիրը այսօր ևեթ քաղաքապետարանը կլուծի։ Ընտանիքի հետ արդեն իսկ զրուցել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը»,–ասաց Գյուլզադյանը։

Նա չպարզաբանեց, թե կոնկրետ ինչպես է Երևանի քաղաքապետարանը լուծելու այդ խնդիրը։ Հորդորեց գրավոր հարցում ուղարկել։

  • Կիսվել: