հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքացիներն այլևս չեն վճարի գերեզմանատեղերի համար, հողակտորները տրամադրելու են անհատույց

Քաղաքացիներն այլևս չեն վճարի գերեզմանատեղերի համար, հողակտորները տրամադրելու են անհատույց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը առաջարկել են «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթ, որն առաջին ընթերցմամբ անցավ երեկ՝ ԱԺ լիագումար նիստին։

Օրենքի նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը New Armenia.am հետ զրույցում ասաց, որ փոփոխությունների հիմնական նպատակը տրամադրվող հանրային տարածքների օպտիմալացումն ու այդ գործընթացում կոռուպցիոն ռիսկերի վերացումն է։

«Հստակեցրել ենք որոշ ընթացակարգեր, որոնք հնարավորություն չեն տա համայնքներին գերեզմանատների սահմաններից դուրս հուղարկավորություններ կազմակերպել։ Այս գործընթացը պարունակում է ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր, այլ նաև վտանգավոր է բնակչության առողջության ու կյանքի համար։ Օրենսդրությամբ նախատեսված է, որ բնակելի տարածքները, օգտագործվող հողատարածքները գերեզմանատներից պետք է գտնվեն համապատասխան հեռավորության վրա։ Այսօր ունենք բազմաթիվ դեպքեր, որ այդ սանիտարահիգենիկ գոտին պահպանված չէ, հետևաբար՝ առաջնային քայլ ենք համարում, որ համայնքները սկսեն կազմել կոնկրետ կոորդինատները, թե որտեղ են գտնվում գերեզմանատները և գույքագրեն, թե ինչքան ազատ տեղեր կան այդ տարածքի ներսում։ Այս կերպ մենք կհասկանանք, թե որքան ռեսուրս ունենք ու ինչ պետք է անենք, ասենք 10, 20 կամ 50 տարի հետո։ Եթե այս ոլորտում չունենանք որոշակի պլանավորում և հայեցակարգային դրույթներ, հնարավոր է՝ մի քանի տարի հետո կանգնենք լուրջ աղետի առջև»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ նպատակ ունեն կանոնակարգել համայնքների կողմից անհատույց տրամադրվող տարածքների ընթացակարգը, կանոնակարգել, թե հանգուցյալը որտեղ պետք է հուղարկավորվի և բացառել չարաշահումները, որ հնարավոր չլինի մեկին տրամադրել, օրինակ՝ 30 քմ․ տարածք, իսկ մյուսին՝ 10 քմ․։

«Գործող օրենքով` իմ կողմից նշած խնդիրներն առկա են, որոնց փորձում ենք այս փոփոխությունների միջոցով լուծում տալ։ Վերահսկողական մեխանիզմներն էլ շատ թույլ են գործող օրենքում, մենք ավելացրել ենք նաև այդ մեխանիզմները, դրանով պետությանն ու լիազոր մարմնին գործիքակազմ ենք տրամադրել` այդ բոլոր հարցերի վերաբերյալ վերահսկողություն իրականացնել և ստուգել՝ արդյոք համայնքը այդ պահանջները կատարել է, թե ոչ։ Օրենքն ուժի մեջ մտնելուն պես՝ պատրաստվում ենք որոշակի վարույթներ հարուցել, որ հասկանանք, թե ինչպիսի պատկեր է և ինչպես է այն գործում»,-ասաց պատգամավորը։

Բաղդասարյանը նշեց, որ գործող օրենքով էլ մասնավոր գերեզմանատների կարգավորումները բավականին կանոնակարգված են, սակայն դրանք չէին գործում․ «Որոշակի պահանջներ, իհարկե, կան, բայց դրանք ավելի խիստ չպետք է լինեն, քան համայնքներին հատկացվող պահանջները։ Նախագծով փոփոխություններ նախատեսում ենք այդ առումով, բայց առաջին ընթերցմամբ վերապահումներ ենք ունեցել, այն պայմանով, որ մեզ են դիմել մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ցանկանում են այդ ներդրումը կատարել, իրենց հետ քննարկել ենք հնարավոր խնդիրները, որ առաջանում են, և ուզում ենք հասկանալ, թե գործնականում այդ տեսակի գործունեությունը որքանով է փոխշահավետ։ Մենք ուզում ենք ֆիքսել, որ տնտեսվարող սուբյեկտները ուզում են նման գերեզմանատներ բացել Երևան քաղաքի տարածքից դուրս և այն տարածքներում, որոնք այս պահին չեն շահագործվում և ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում գյուղատնտեսության համար, և այս տրամաբանությունից ելնելով՝ մենք ուզում ենք, որ Երևանում գերեզմանատներ այլևս չավելանան, եթե կարողանանք այս գործընթացը համատեղել օրենսդրական կարգավորումների հետ՝ մոտ ապագայում ՀՀ-ում կունենանք մասնավոր գերեզմանատների տիպային տարբերակ»,- ասաց պատգամավորը։

Այսինքն՝ գերեզմանատները լինելու են քաղաքից դուրս, բայց մոտակա տարածքներում։ Բաղդասարյանը նշեց, որ այն տնտեսվարողները, որոնք դիմել են իրենց, հողակտորների խնդիր չեն ունեցել, իսկ կառավարությունը չունի գերեզմանոցի համար նախատեսված հողակտորներ, որ տրամադրի, դրանք պատկանում են համայնքներին։

Նոր օրենքով վերացվել է նաև գերեզմանատեղի համար համայնքներին գումար վճարելը, այսինքն՝ համայնքները հողակտորները տրամադրելու են անհատույց։ 

  • Կիսվել: