կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը:

Տնօրենը ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության անունից պատրաստակամություն հայտնեց հետագա ծրագրերի համագործակցության շարունակականության գործում:

Հյուրերն իրենց հերթին ներկայացրեցին տեխնիկական աջակցության ծրագրի սկզբնական և հերթական փուլերը: Առաջարկվող ծրագիրը, որին կմասնակցեն նաև տարածաշրջանի այլ երկրներ, կօգնի զարգացնել երկրի կարողությունները կլիմայի փոփոխության դեպքում, բարձրացնել մարտահրավերներին դիմադրողականությունը և հարմարվողականությունը:

Ծրագիրը բաղկացած է մի քանի հիմնական բաղադրիչներից. առաջինը տվյալ երկրի համար կլիմայական փոփոխությունների հետ կապված գործողությունների պլանի մշակումն է, երկրորդը՝ համապատասխան կարիքների գնահատումը, երրորդը՝ կարողությունների ձևավորումը: Ծրագրի ընդհանրական նպատակն է իրականացնել գնահատում և ներկայացնել առաջարկություններ կլիմայի փոփոխության դեպքում բնակչության պաշտպանության և աղետների պատրաստվածության վերաբերյալ:

Կ. Ցուցուլյանը հյուրերին ներկայացրեց կլիմայի փոփոխություններով պայմանավորված մեր երկրին բնորոշ սողանքների, վարարումների, քարաթափումների և այլ տարերային աղետների սպառնալիքները: Որպես կլիմայական փոփոխության մեկ այլ խնդիր, տնօրենն ընդգծեց, որ այժմ էլ հանրապետությունում առկա բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված Փրկարար ծառայությունն իրականացնում է կանխարգելման և իրազեկման լայնածավալ աշխատանքներ:

Հյուրերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին վերապատրաստումների տեսքով աջակցել ՓԾ անձնակազմին 2024թ. անցկացվելիք լայնամասշտաբ վարժանքին, որին մասնակցելու են ՆԳՆ ենթակայության տակ գտնվող բոլոր ուժերը, ներգրավվելու են ՀՀ բոլոր գերատեսչությունները, ՀԿ-ները, ինչպես նաև հրավիրվելու են միջազգային կազմակերպություններ:

Տնօրենը շնորհակալություն հայտնեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը, նշելով, որ համագործակցությունը հեռանկարային է և իրականացվող ծրագրերը խթան կհանդիսանան կլիմայական փոփոխությունների հետևանքով հնարավոր աղետների ռիսկի գնահատմանն ու ճիշտ կառավարմանը:

  • Կիսվել: