ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուս պատգամավորի գործողությունը վանդալիզմ է. Դեսպանատունը վրդովմունք է հայտնել Կրասնոդարի հայկական եկեղեցում կատարվածի առնչությամբ

Ռուս պատգամավորի գործողությունը վանդալիզմ է. Դեսպանատունը վրդովմունք է հայտնել Կրասնոդարի հայկական եկեղեցում կատարվածի առնչությամբ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը խորը վրդովմունք է հայտնում Կրասնոդարի տարածաշրջանի Արմավիր քաղաքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Հայ Առաքելական եկեղեցու տարածքում Արմավիրի քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մենք գնահատում ենք որպես վանդալիզմ և հասարակական կարգի խախտում, ինչը հակասում է հաստատված օրենսդրական կարգին:

Այդ գործողությունները հակասում են հայ-ռուսական փոխհարաբերություններին և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության:

Ընդգծենք, որ Արմավիրում կատարվածը մեծ մտահոգություն է առաջացրել և Հայաստանում, և Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների շրջանում:

Դեսպանատունը հաստատված կարգի համաձայն, ռուսական համապատասխան մարմիններին կտեղեկացնի կատարվածի մասին:

Միաժամանակ Արմավիրի իշխանություններին կոչ ենք անում համապատասխան գնահատական տալ կատարվածին:

Կատարվածը դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է լինելու: Դեսպանատան ներկայացուցիչները մշտական կապ են պահպանում ՌԴ –ում հայ համայնքի ու պատկան մարմինների հետ», -ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղի քաղաքային խորհրդի ռուս պատգամավորը Ալեքսեյ Վինոգրադովը մտել էր տեղի հայկական եկեղեցու բակ ու սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը։ ԶԼՄ-ների հետ զրույցում նա ասել է, որ քաղաքային իշխանությունները, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, սակայն չեն արել, իսկ նոյեմբերի 11-ին լրացել է իշխանություններին տրված երկշաբաթյա ժամանակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: