հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը ընտրվեց STAR-NET տարածաշրջանային ցանցի նախագահության անդամ

Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը ընտրվեց STAR-NET տարածաշրջանային ցանցի նախագահության անդամ

Նոյեմբերի 17-18-ը առցանց եղանակով տեղի ունեցավ Միջուկային տեխնոլոգիաների ուսուցման և վերապատրաստման տարածաշրջանային ցանցի (STAR-NET) հերթական 7-րդ գլխավոր համաժողովը, որին մասնակցեց նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Գոռ Վարդանյանի, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցի և Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի Գիտության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանի։

Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից։

Համագումարին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը։ Ռեկտորը ողջունելով գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին` խոսեց ծրագրի հաջողված պատմության ու գրանցած արդյունքների մասին։ Գ․Վարդանյանը հաջողություն մաղթեց համաժողովի աշխատանքներին, ընդգծելով, որպես ցանցի անդամ Պոլիտեխնիկի դերի ու նշանակության մասին։

Համաժողովին STAR-NET տարածաշրջանային ցանցի տնօրենի և փոխնախագահի կողմից ներկայացվեց անցյալ տարիների կատարված աշխատանքները, որին հաջորդեց STAR-NET տարածաշրջանային ցանցի ղեկավար մարմնի նախագահության կազմի ընտրությունները։ Ըստ կարգի, ցանցի նախագահության անդամ կարող է ընտրվել յուրաքանչյուր մասնակից երկրի մեկ համալսարանի ներկայացուցիչ՝ երկու տարի ժամկետով։ Ընտրությունների արդյունքում ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը ընտրվեց STAR-NET տարածաշրջանային ցանցի նախագահության անդամ։

STAR-NET տարածաշրջանային ցանցի 7-րդ համաժողովի աշխատանքի ընթացքում կազմվեցին նաև համաժողովի հինգ աշխատանքային խմբերը (1․ տարածաշրջանային ցանցի կայքի, 2․ ուսումնական ծրագրերի, մոդուլների և ուսունամեթոդական նյութերի, 3․ տարածաշրջանային ցանցի ուսումնական գործունեության համակարգման հարթակի, 4․ հետազոտական և գիտատեխնիկական գործունեության և 5․ համագործակցության կազմակերպման աշխատանքային խումբերը), և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ընդգրկվեց 4-րդ աշխատանքային խմբում, որի կողմից առաջիկայում ներկայացվելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական համագործակցության ծրագիրը։

Միջուկային տեխնոլոգիաների ուսուցման և վերապատրաստման տարածաշրջանային ցանցի նպատակն է ստեղծել ընդհանուր հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի համագործակցել ԱՊՀ երկրների այն համալսարանների հետ, որոնք ներգրավված են միջուկային էներգետիկայի ոլորտում մասնագետների պատրաստման գործում։ STAR-NET ցանցը միավորում է 15 համալսարան 8 երկրներից: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայաստանյան առաջին համալսարաններից է, որ անդամակցում է հեղինակավոր ցանցին։

STAR-NET-ը մտադիր է արդյունավետ աշխատել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ՝ լրացնելով գոյություն ունեցող միջազգային նախաձեռնությունները, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի նախաձեռնությունները՝ շեշտը դնելով կրթության և ուսուցման վրա։ Ցանցը կենտրոնանալու է միջուկային տեխնոլոգիաների, կրթության և վերապատրաստման հետ կապված խնդիրների վրա: Բացի այդ, տարածաշրջանային STAR-NET-ը կարող է հիմնվել առկա ազգային և տարածաշրջանային կրթական և գիտելիքի ցանցերի դրական փորձի վրա, օրինակ՝ Ասիայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում:

  • Կիսվել: