ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ

Փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ

ՀՀ-ում լիարժեք կանոնակարգված չեն Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված ԵՄ եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 28-րդ եւ 30-րդ կետերի կատարման ապահովմամբ: Նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին եւ կատարել միջազգային բազմակողմ համաձայնագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները:

Օրենսդրական փոփոխությամբ կսահմանվեն ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ եւ ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող գործարար բարի համբավի, ֆինանսական միջոցների ու մասնագիտական որակավորման պահանջները, ինչպես նաեւ միջպետական փոխադրումներ իրականացնելու հետ կապված առանձնահատկությունները:

Ըստ Արմեն Սիմոնյանի՝ կսահմանվեն պահանջներ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C» , «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստում անցնելու եւ մասնագիտական որակավորման վկայականներ ստանալու վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե ինչ է սպասվում գործող ընկերություններին, եթե բացահայտվում է, որ գործունեությունը չի համապատասխանում սահմանված չափանիշներին: Արմեն Սիմոնյանը պատասխանել է, որ ՏՆԵԿ թույլտվությունները չեն տրվում կամ տրվածները կասեցվում են մինչեւ գործարար համբավի վերականգնումը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: