երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է վերջ դնել պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակել Սիրիային. Արամ Առաջին

Պետք է վերջ դնել պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակել Սիրիային. Արամ Առաջին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը միջազգային համայնքին կոչ է արել վերջ տալ Սիրիայի դեմ պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակել Սիրիայի ժողովրդին։ Այս մասին նա հայտարարել է Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում։ Այս մասին գրում է Սիրիայում լույս տեսնող հայլկական «Գանձասար» պարբերականը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ այս քայլերը պետք է արվեն, որպեսզի տնտեսական վատ վիճակում գտնվող սիրիացի ժողովուրդը կարողանա դուրս գալ ներկայիս ահավոր վիճակից։
 
«Ահավոր ողբերգության մեջ է այսօր գտնվում Սիրիան։ Երկրաշարժի ծանր հետևանքները կարող են ավելի ծավալվել, եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն»,– ասել է նա։
 
Նա կոչ է արել մի կողմ դնել քաղաքական մոտեցումներն ու դիրքորոշումները և որպես մարդկային նույն ընտանիքին պատկանող անձեր ու ազգեր, օգնել իրար։
 
«Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ երբ մարմնի մի մասը ցավում է, ամբողջ մարմինն է ցավում։ Այսօր միջազգային համայնքն ու նրան պատկանող բոլորն ազգերն ու երկրները կոչված են օժանդակելու Սիրիային», – հայտարարել է կաթողիկոսը։
 
Նա հավելել է, որ իր համար հատուկ ուրախություն է լինել Սիրիայում` մի երկրում, որը Ցեղասպանությունից հետո ընդունել է ջարդերից փրկված հայ ժողովրդի զավակներին և իր հողը, հացն ու ջուրը կիսել նրանց հետ։

  • Կիսվել: