երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է խնդրենք վարորդներին ավելի զգուշավոր լինեն մոպեդ քշողների նկատմամբ. Ավինյան

Պետք է խնդրենք վարորդներին ավելի զգուշավոր լինեն մոպեդ քշողների նկատմամբ. Ավինյան

Երևան քաղաքում էականորեն աճել են մոպեդները, բայց հաշվի առնենք, որ դրանցով տարատեսակ ծառայություններ են մատուցվում, առաքումներ իրականացվում։ Միգուցե դրանց գործարկումը քաղաքում նոր է, բայց պետք է խնդրենք մեր վարորդներին՝ մի փոքր ավելի զգուշավոր և հանդուրժող լինեն մոպեդավարների նկատմամբ, որովհետև ճանապարհի վրա, նույնիսկ եթե մեղավորությունը մոպեդ քշողինն է, ապա նա չի կարող ավտոն ավտոյի տակ գցել, իսկ իրեն կարող են ավտոյի տակ գցել: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ մոտոցիկլավարների, մոպեդավարների կողմից էլ բարձրաձայնվում է, որ Երևանի պայմաններում դժվար է երթևեկությունը, որովհետև ավտովարորդներին իրենց առհասարակ չեն զիջում, և շատ ՃՏՊ-ներ են տեղի ունենում։

Քաղաքապետի խոսքով՝ այս մասով պետք է ուսումնասիրեն զարգացած քաղաքների փորձը:

՛՛Բայց վստահ չեմ, որ հարցն այնքան ծայրահեղ է դրված, որ մոպեդների համար պետք է սահմանափակումներ անենք։ Հակառակը, կարծում եմ, իրենք են հիմնականում վտանգված և ավտոմեքենաների հետ բախման հիմնական տուժողն իրենք են։ Հետևաբար, կոչը ավտվարողներին պետք է ուղղվի՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ տրանսպորտի վարչությանը կարող է կարծիք ձևավորել հարցի վերաբերյալ։

  • Կիսվել: