երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 2-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ եւ տվել դրական եզրակացություն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նա տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել: Հիմնական փոփոխությունները` այստեղ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոխարեն հարկադիր կատարման հետ կապված ամբողջական, նոր համապարփակ կարգավորումներ նախատեսող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի եւ շուրջ 30 հարակից օրենքների նախագծերի փաթեթը եւս ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորների հետ համատեղ քննարկումների արդյունքում Կառավարությունն առաջարկել է փաթեթում կատարել որոշ փոփոխություններ: «Նախագծում առկա էին տեխնիկական բնույթի որոշ խնդիրներ, որոնք առաջարկում ենք ամբողջությամբ շտկել»,- տեղեկացրել է զեկուցողը եւ հավելել` առաջարկվում է նաեւ կատարել այլ փոփոխություններ: Մասնավորապես, ավելացվում են հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դատական ակտերը, ինչը, ըստ փոխնախարարի, բխում է Քրեական դատավարության  օրենսգրքի համապատասխան հոդվածներից: Սահմանվում է, որ հիմնական կատարողական վարույթով պահանջատերն ածանցյալ կատարողական վարույթում օգտվում է երրորդ անձի իրավունքից եւ կրում է նրա պարտականությունները` առանց երրորդ անձ ներգրավելու մասին հարկադիր կատարողի որոշման ընդունման: Լեւոն Բալյանն ընդգծել է, որ այդ կարգավորումը չունենալու դեպքում պահանջատերը կարող էր մասնակից չդառնալ ածանցյալ վարույթին` այդպիսով զրկվելով ածանցյալ վարույթում իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության գործիքակազմից:

Նախատեսվում է, որ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից:

Նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական փոփոխությունները` այստեղ:

  • Կիսվել: