ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պատրաստվել է Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման ու վերականգնման միջոցառումների ծրագրի նախագիծը

Պատրաստվել է Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման ու վերականգնման միջոցառումների ծրագրի նախագիծը

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումը: Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
 
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից, ՏԿԵՆ ջրային կոմիտեից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեներից, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից։
 
Քննարկվել է գետերի աղտոտման աղբյուրների բացահայտման, դրանց գույքագրման և վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրերի մշակման ընթացքը։
 
Գերատեսչություններից հավաքագրված տվյալների և Շրջակա միջավայրի նախարարությունում առկա տեղեկատվության համադրման արդյունքում պատրաստվել է Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման ու վերականգնման միջոցառումների ծրագրի նախագիծը, որը ներկայացվել է դիտարկումների։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ծախսերի գնահատմանը, ֆինանսավորման աղբյուրների ապահովման տարբերակներին, ինչպես նաև գետերի աղտոտման կանխարգելման երկարաժամկետ և համակարգային լուծումներին։
 
Նախարարը կարևորել է, որ ծրագիրը պետք է ոչ միայն տեսական, այլև իրական գործնական լուծումներ ապահովի։

  • Կիսվել: