Պատրաստ եմ այս պատասխանատվությունը ստանձնել և գիտակցում եմ դա՝ հատկապես այն հանրային միջավայրում, որը մենք այս պահին ունենք. Մանասյան
Մեր հանրային միջավայրն այս պահին ծայրահեղ բևեռացված է և մեր ամեն խոսքն ամեն կերպ նպաստում է այդ բևեռացմանը: Այս պահին մեղավորներ փնտրելու պահը չէ, միասին խնդիրներին լուծումներ տալու պահն է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ի առաջարկած ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը:
«Այն խնդիրները, որոնք առկա են, դրանց համար պետք է գտնել լուծումներ, բայց այդ ամենը պետք է իրականացնել այնպիսի հանրային խոսույթի շրջանակներում, որը ոչ թե անընդհատ նպաստի, անընդհատ կրակ լցնի նորից այդ հանրային բևեռացմանը, հակառակը՝ մենք ամեն մեկս մեր գործողություններով, մեր քայլերով, մեր հանրային խոսույթով պետք է կարողանանք նպաստել նրան, որպեսզի այդ բևեռացումը վերացվի, և մենք ունենանք հանդուրժող հանրություն»,- ասաց ՔՊ ՄԻՊ թեկնածուն։
Մանասյանի խոսքով՝ որևէ մեկն օժտված չէ գերբնական և աստվածային ունակություններով. «Ոչ մեկս չի կարող գուշակել, թե մի քանի տարիների ընթացքում թե՛ իր կյանքում, թե՛ հանրային կյանքում ինչ կարող է տեղի ունենալ, միակ հանգամանքը, որը յուրաքանչյուրս կարող է իր համար, իր խղճի համար կարևոր հանգամանք համարել և որպես խոստում տրամադրել, այն է, թե ինքն ինչ տեսակի պատասխանատվություն է պատրաստ ստանձնել, ես պատրաստ եմ այս պատասխանատվությունը ստանձնել և գիտակցում եմ դա հատկապես այն հանրային միջավայրում, որը մենք այս պահին ունենք»:


