հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պատերազմում պարտվեցինք բոլորս, սակայն հաղթեցին հայ զինվորն ու հայկական սփյուռքը. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Պատերազմում պարտվեցինք բոլորս, սակայն հաղթեցին հայ զինվորն ու հայկական սփյուռքը. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատերազմի ընթացքում Սփյուռքի քաղաքական, լոբբիստական աշխատանքն ապարդյուն չի անցել, և այն այսօր էլ շարունակվում է: 

«Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ, պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք համահայկական, համասփյուռ աննախադեպ համախմբման և մոբիլիզացիայի: Սփյուռքն իրապես դարձավ Հայաստանի և հայ ազգի միակ հենքն ու ապավենն աշխարհում: Ամենուր, որտեղ հայ է ապրում, պայքար գնաց հանուն հայրենիքի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի:
 
Օգնությունը տարատեսակ էր. նյութական, ֆինանսական, կամավորական, բժշկական, հոգեբանական, ռազմական, քաղաքական և հաճախ նաև դիվանագիտական: Սփյուռքն ինչ-որ չափով նույնիսկ լրացրեց այն մեծ բացը, որը զուտ պետության տիրույթում էր: Մինչ օրս էլ չեն դադարում Հայաստան հասնել սփյուռքից ուղարկվող հումանիտար բեռները՝ նույնիսկ հայրենիքից ամենահեռու համայնքներից:
 
Ազնիվ նվիրման և հայրենասիրության ամենապայծառ օրինակներ էին այն կամավորները, ովքեր պատերազմի օրերին սփյուռքից մեկնեցին Արցախ: Նրանցից ոմանք զոհեցին կյանքը, այլոք ստացան վիրավորումներ, բայց չլքեցին իրենց դիրքերը: Թիկունքի սպիտակ բանակում՝ բժիշկների շարքերում, քիչ չէին սփյուռքահայ բժիշկները, բուժաշխատողները, որոնց մի մասն այսօր էլ շարունակում է մնալ մեր վիրավոր զինվորների կողքին:

Դժվար է հիշել Հայաստանում ձեռնարկված որևէ խոշոր կամավորական նախաձեռնություն, որտեղ ներգրավված չլինեին սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները: Կասկածից վեր է, որ սփյուռքի քաղաքական, լոբբիստական աշխատանքն ապարդյուն չի անցել, և այն այսօր էլ շարունակվում է:

Պատերազմի դաժան օրերին, երբ աշխարհը լքեց Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ, սփյուռքը մնաց Հայաստանի միակ պատուհանը դեպի արտաքին աշխարհ, միակ կապը մարդկության հետ, միակ հույսը և հավատի ակունքը:

Սիրելի՛ հայրենակիցներ, դաժան է պարտությունը, և մեր բոլորիս վերքերը շատ խորն են: Բայց ձեր անուրանալի աջակցության, հայրենիքի կողքին ու թիկունքին լինելու անդրդվելիության, անմնացորդ պայքարի համար հայտնում ենք մեր անկեղծ երախտագիտությունը: Շնորհակալ ենք ձեր յուրաքանչյուր ջանքի համար, շնորհակալ ենք ձեր սիրո, հոգատարության, հայրենասիրության համար:

Այս պատերազմում պարտվեցինք բոլորս, սակայն հաղթեցին հայ զինվորն ու հայկական սփյուռքը: Պայքարը շարունակվում է, և մենք միասին ահռելի շատ անելիքներ ունենք: Գոտեպնդվենք, վեր հառնենք մոխիրներից, փառավորվենք մեր նահատակների սխրանքով և շարժվենք առաջ»:

  • Կիսվել: