հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Փաշինյանը մատնանշել է կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ ռազմավարության մեջ իրենց «սխալը»

Փաշինյանը մատնանշել է կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ ռազմավարության մեջ իրենց «սխալը»

Եթե պայմանականորեն նշենք, թե որն է կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ ռազմավարության մեջ մեր սխալը, ապա կարելի է ասել, որ մենք չափից ավելի վստահություն ենք տածել մեր քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնին: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. ՛՛Ի վերջո, եթե մեկը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում, ապա դա անում է նախ և առաջ իր ու իր հարազատների, և ոչ թե կառավարության համար՛՛:

Վարչապետի խոսքով՝ իրենց ամբողջ ռազմավարությունը եղել է այն, որ իրենք ինչ-որ մի ժամանակաշրջան մարդկանց ներկայացնեն իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնեն առողջապահական համակարգի հնարավորությունները, որից հետո գնան բացման և մարդկանց ներկայացնեն 100%-ին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում իրենք կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց:

Փաշինյանը հավելեց. ՛՛Մենք գնալու ենք վարչական լծակների խստացման: Գիտեք, որ պարտադիր են դիմակները մեքենաներում, փակ տարածքներում, հիմա նաև պարտադիր է դիմակ կրելը երթուղայինների կանգառներում: Առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են, կանխատեսվում է, որ մարդիկ մեծ շրջապատներով հավաքվելու են, խնջույքներ են անելու: Ես խստագույնս հորդորում եմ խուսափել բազմամարդ հավաքներից՛՛:

Հակառակ պարագայում, վարչապետի խոսքով, իշխանությունները ստիպված կլինեն երկիրը նորից ցնցումների ենթարկել ու նորից համատարած ամեն ինչ փակել: Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սա կախված է ձեզնից յուրաքանչյուրիցդ»:

  • Կիսվել: