հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Փաշինյանին առաջարկում են արգելել ՀՀ-ում սննդի ոչնչացումը

Փաշինյանին առաջարկում են արգելել ՀՀ-ում սննդի ոչնչացումը

Հայկական առաջին պարենային բանկի ներկայացուցիչները մշակել են օրինագիծ, որը նախատեսում է Հայաստանում խանութների, սուպերմարկետների, պահեստների, արտադրական ձեռնարկությունների կողմից օգտագործման համար պիտանի մթերքների ոչնչացման և արտանետման արգելք: Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է բանկի հիմնադիր Մայքլ Ավետիքյանը։

Տեսանյութում նա դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով անձամբ հսկողության տակ վերցնել երկրում պարենային կորուստների և աղքատության դեմ պայքարին ուղղված օրենքի մշակումն ու ընդունումը:

Ավետիքյանը հայտնել է, որ օրինագիծը պատրաստել են հիմնադրամի ներկայացուցիչները՝ Ֆրանսիայից սոցիալական իրավունքների մասնագետ Արաշ Դերանբաշի հետ համատեղ:

Փաստաթուղթը ենթադրում է Հայաստանում գործող բարեգործական կազմակերպությունների միջոցով ավելցուկային մթերքի փոխանցում կարիքավոր քաղաքացիներին:

Նախագիծն արդեն փոխանցվել է վարչապետի աշխատասենյակ և քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

«Այս քայլը կարող է փոխել Հայաստանի հարյուրհազարավոր կարիքավոր քաղաքացիների կյանքը»,-ասել է Ավետիքյանը:

Նրա կարծիքով՝ օրենքի ընդունումը պատմական քայլ կլինի աղքատության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև թույլ կտա երկրում ձևավորել պարենային ռեսուրսների վերաբաշխման կայուն և արդար համակարգ:

  • Կիսվել: