Պարո՛ն նախարար, Դուք պատասխանատու եք մարդկային կապիտալի զարգացման համար. Արկադի Խաչատրյան
«Պարո՛ն նախարար, Դուք պատասխանատու եք մարդկային կապիտալի զարգացման համար»,- Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ ՝
Նրա կարծիքով՝ բոլորն էլ համամիտ են, որ կրթությունն ունի առանցքային կարևորություն մարդկային կապիտալի զարգացման գործում։
«Կկարողանա՞նք ձևավորել, բարձր զարգացածության մակարդակի հասցնել մարդկային կապիտալը և արտադրողականությունը, կարո՞ղ ենք հասնել նրան, որ մեր երկիրը կլինի բարձր տնտեսական զարգացում ունեցող, ապրող երկիր, չե՞նք կարողանա՝ կտապալենք դա, կմնա երազանքների շարքում:
Պարո՛ն նախարար, Դուք պատասխանատու եք մարդկային կապիտալի զարգացման համար: Գերխնդիրները և գերակա խնդիրները չափազանց շատ են: Արդյոք երկու տարվա մեջ կարո՞ղ էինք այդ խնդիրները լուծել. իհարկե ո՛չ: Կարծում եմ՝ որևէ մեկը չի ակնկալում, որ դրանք բոլորը կլուծվեին, բայց մարդկային կապիտալի զարգացման ռազմավարությունների շուրջ ստանալ հանրային կոնսենսուս, ներկայացնել դա և հիմքերը դնել բոլոր այդ գերակա բարեփոխումների, կարծում եմ՝ բավարար ժամանակ է»,- նշեց Արկադի Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ բոլորն ուզում են, որ մեր կրթությունը լինի ճանաչելի ամբողջ աշխարհում, գիտելիս ստեղծող ու արտահանող երկիր լինենք։
«Ուզում եմ՝ ունենանք այնպիսի գիտական կարողություններ, որ աշխարհի տեխնոլոգիաները կարողանանք յուրացնել և կիրառել այստեղ, իսկ հետագայում նաև լինենք տեխնոլոգիաներ արտադրող և արտահանող երկիր: Ուզում եմ՝ մեզ մոտ ուսուցիչն ունենա բարձր սոցիալական կարգավիճակ, բարձր վարձատրվող մեծ հեղինակություն ունեցող մարդ։ Պարոն նախարար, արդյոք այդ ուղղությամբ բավարա՞ր քայլեր են կատարվում և ինչի համար են այդ ամենի փոխարեն, օրինակ՝ մտնել հայագիտական առարկաների բանավեճերի մեջ, որի շուրջ հանրային կոնսենսուս չկա, և ինչի՞ համար են այդ բուհերի խորհուրդների շուրջ խմորումները, ինչի համար են հանրության առաջ ուսուցչի անգլերենը ստուգելու քայլերը, ինչի՞ համար, երբ կան այդ գերակա խնդիրները»,- նշեց Արկադի Խաչատրյանը։



