Ովքեր ավելի շատ են օգտվում տրանսպորտից, իրենց համար ավելի էժան կլինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար՝ թանկ․ Ավինյանը՝ տրանսպորտի ուղեվարձի մասին
Մենք հիմա Երեւանում տրանսպորտի տոմսային համակարգի ներդրման փորձարկման փուլում ենք գտնվում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ նոր տոմսային համակարգին Երեւանը կանցնի հունվարի 1-ից:
«Այդ տոմսային համակարգի ներդրման հետ կապված խնդիրներն ենք վեր հանում եւ լուծում մինչեւ ամբողջական համակարգի ներդրումը: մենք այս ընթացքում ունենալու ենք հնարավորություն տերմինալների միջոցով տոմսեր գնելու: Շուտով ունենալու ենք հնարավորություն բանկային քարտի միջոցով տոմսը միանգամից գնելու կամ դրա փոխարեն վճարում անելու: Նաեւ ունենալու ենք տոմսային քարտերի հնարավորությունը: Մենք ուզում ենք, որ ամբողջ համակարգը պատրաստ լինի, որպեսզի մենք վստահ լինենք, որ բոլոր խնդիրները լուծված են եւ հունվարի 1-ից նոր համակարգը ներդրվում է»,-ասաց քաղաքապետը:
Ինչ վերաբերում է ուղեվարձի թանկացմանը, Ավինյանն ասաց. «Նոր համակարգն ամբողջապես նոր տրամաբանություն ունի, այն մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից, իրենց համար գուցե ավելի էժան լինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար կարող է ավելի թանկ լինել»:


