շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օտարերկրացիների՝ հայաստանյան կայքերով շահումով խաղեր խաղալու հնարավորությունը կհեշտացվի. նախագիծ

Օտարերկրացիների՝ հայաստանյան կայքերով շահումով խաղեր խաղալու հնարավորությունը կհեշտացվի. նախագիծ

Օնլայն դաշտում գործում են բազմաթիվ կայքեր, որոնք շահումով խաղերի ծառայություններ են մատուցում, հարկ չեն վճարում, լիցենզավորված չեն, և մեր սահմանված կանոններին չեն ենթարկվում, ինչը ռիսկ է ինչպես ֆիսկալ տեսանկյունից, այնպես էլ մարդկանց տեսանկյունից: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացնելու հարցը:

Նա հիշեցրեց, որ վերջերս ԱԺ-ն ընդունել էր օրենք, որով պարտադրել էր ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին ինդենտիֆիկացնել մարդուն և քարտը, երբ նա փորձում է խաղադրույք կատարել: Այս իրավիճակը որոշակիորեն հանգեցրեց այն բանին, որ լիցենզավորված ընկերություններն ավելի կարգավորված դաշտում հայտնվեն, սակայն դրան զուգահեռ դեռ մի շարք խնդիրներ կան չլուծված:

«Առաջարկվում է, որ Կառավարությունը սահմանի կայքերի ցանկն և դիմի ինտերնետ պրովայդերներին, որպեսզի նրանք սահմանափակեն հասանելիությունն այդ կայքերին»,- ասաց Ավանեսյանը:

Երրորդ կարգավորումը վերաբերում է աուդիտի պարտադիր պահանջին, քանի որ ոլորտը պետք է լինի գերթափանցիկ:

Երկրորդ կարգավորումը վերաբերում է միջազգային մրցունակությանը. «Սահմանվում է, որ եթե խաղացողը ՀՀ քաղաքացի չէ, եթե գրանցման պահին չի նշել ՀՀ-ն՝ որպես իր բնակության վայր, եթե IP-ով խաղալու պահին նա ՀՀ-ում չէ, և փոխանցումը չի անում ՀՀ բանկից (ԿԲ-ի կողմից լիցենզավորված բանկից), ապա նա կարող է խաղադրույքը կատարել դոլարով: Նաև կարգավորումը սահմանում է, որ ինչ արտարժույթով խաղադրույքը կատարվել է, այն արտարժույթով էլ պետք է շահումը լինի»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց շահումով խաղերի մասով վիճակագրական թվերից: Ըստ Ավագ Ավանեսյանի՝ շահումով խաղերի տոկոսը ՀՆԱ-ում սկսեց իջնել, երբ Կառավարությունը սկսեց ուշադրություն դարձնել ոլորտին: Այն այժմ ՀՆԱ-ի մեջ 4 տոկոսից իջել է, պատմական մաքսիմումը 6 տոկոս էր 2016-2017 թթ.-ներին:

«Ինչ վերաբերում է ինտերնետ շահումով խաղերում խաղադրույքներից, ցավոք, այստեղ մենք ունենք իրավիճակ, երբ խաղադրույքների բացարձակ թիվը (որ ասում էինք՝ չենք կարողանում կրկնակիները հանել) մոտավորապես 1,75 անգամ աճել է 2023-ը 2022-ի նկատմամբ, բայց համաշխարհային տրենդ էլ կա, և համաշխարհային տրենդն էլ է գերարագ աճում, ու այնպես է, որ բոլորին անհանգստացնում է»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պարզաբանեց՝ մի կողմից խաղալու հնարավորությունները շարունակաբար փոքրացնելու են, մյուս կողմից՝ օտարերկրացիներին հնարավորություն է տրվելու, որոնք ցանկանում են հայաստանյան կայքերով խաղալ, ավելի հեշտ խաղալ: Նաև դժվարանալու է կամ գրեթե անհնար է դարձվելու ՀՀ-ի քաղաքացիների, ռեզիդենտների խաղալու հնարավորությունը օտարերկրյա կայքերի միջոցով. «Եթե պիտի խաղան, ինչը շատ վատ է, գոնե խաղան ՀՀ տարածքում»:

Նախագծի շրջանակում նաև քննարկվեց կրիպտոարժույթներով խաղադրույք կատարելու խնդիրը, մինչդեռ կրիպտոարժույթը Հայաստանում լիցենզավորված գործունեության տեսակ չէ: Մյուս խնդիրն էլ այն է, որ օգտատերը կարող է VPN օգտագործել, ինչի արդյունքում հնարավոր չի լինի պարզել, թե, օրինակ, որ երկրից է խաղադրույք կատարողը:

  • Կիսվել: