կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ոստիկանության բաժիններում գնդացիր, ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ, նռնակներ ու փամփուշտներ են հանձնել

Ոստիկանության բաժիններում գնդացիր, ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ, նռնակներ ու փամփուշտներ են հանձնել

Գործարանային համարով գնդացիրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վարչություն է բերել մայրաքաղաքի բնակիչ, 48-ամյա մի տղամարդ, տեղեկացնում են Ոստիկանությունից

Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան նկուղը մաքրելիս։ Գնդացիրը պատկանել է տարիներ առաջ մահացած աներորդուն։

Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երեւանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի հրացան, «Ֆ 1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ եւ այլն։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։

Ոստիկանության Կենտրանական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատարական աշխատանքի արդյունքում էլ բաժանմունք եկած 35-ամյա տղամարդը կամավոր հանձնեց տարբեր տրամաչափի 140 փամփուշտ եւ պայթուցիչով նռնակ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Երեւանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է կարճեցված փողով ու խզակոթով հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ եւ տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել տան տանիքում։

Ինքնաշեն ինքնաձիգն ու 20-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է Արզնի գյուղի 38-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։ Գտել է տան տանիքը մաքրելիս։

Թմբուկավոր ատրճանակն ու տարբեր տրամաչափի եւ հրազենների փամփուշտները նույնպես կամավոր հանձնել են Կոտայքի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Ապօրինի զենք-զինամթերքը հանձնած տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկայինների բացատրական աշխատանքի արդյունքում Ջերմուկի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «ԻԺ» հրացան ու հայտնել, որ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։ Այն գտել է նկուղը մաքրելիս։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաեւ Սյունիքի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Մի քաղաքացի ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 1037 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ։ Մեկ այլ քաղաքացի դարձյալ գորիսի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ։ Կապանի երիտասարդ մի բնակիչ էլ ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է կիսաքանդ շինությունում գտած գործարանային համարով «Մոսին» հրացան։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

  • Կիսվել: