կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոսկեպարցիները դեմ են վարչապետի որոշմանը

Ոսկեպարցիները դեմ են վարչապետի որոշմանը

Ոսկեպարը Հայաստանի դարպասն է, մենք ոչ թե Ոսկեպարի հարցը պետք է լուծենք, այլ ամբողջ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Միասին» շարժման համակարգող Արամ Գ. Սարգսյանը:

«Ոչ մի քարտեզով այդ 4 գյուղերը չեն եղել Ադրբեջան, եղել են ադրբեջանաբնակ: Հիմա ես հարց եմ տալիս վարչապետին, բա 650 հազար հայ, որ ապրել է Ադրբեջանում, նրանք էնտեղ չեն բնակվե՞լ: Դե եթե այդ սկզբունքով ենք առաջնորդվում, եկեք էնտեղից էլ պահանջենք Գարդման աշխարհը, Կիրովաբադի ու Բաքվի կեսը եւ այլն: Բա այս 6 տարվա ընթացքում չկարողացա՞ր այնպիսի զենք ձեռք բերես, որ քեզնից վախենա թշնամին»,-ասաց նա:

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն էլ նշեց. «Ոսկեպարցին միայն Ոսկեպարի համար չի պատասխանատու, մենք պատասխան ենք տալիս ամբողջ Հայաստանի համար: Վարչապետը եկել էր, մենք էդ հարցերը իր առաջ դրել ենք, որ մեր գյուղի սահմանները պետք է լինի անառիկ: Ինքը խոստացել է այդ հարցին լուծում տալ: Եթե չլուծի, մենք մեր սկզբունքից հետ չենք կանգնելու: Ես վարչապետի հանդիպումից հետո ասել եմ, որ ոսկեպարցիները դեմ են վարչապետի որոշմանը»:

  • Կիսվել: