ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Օրրանի» բարեգործական ընթրիքի ընթացքում հավաքված հասույթը կուղղվի արցախցի և կարիքավոր ընտանիքներին

«Օրրանի» բարեգործական ընթրիքի ընթացքում հավաքված հասույթը կուղղվի արցախցի և կարիքավոր ընտանիքներին

«Օրրան» բարեգործական հիմնադրամի ընթրիքն այս տարի կայացել է սեպտեմբերի 17-ին: Ընթրիքին մասնակցել են մի շարք բարերարներ, որոնց նվիրատվություններն ուղղվելու են արցախից Հայաստան եկած ընտանիքներին, միայնակ ծերերին և կարիքավոր ընտանիքներին:

 «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ ամեն տարի ընթրիքին նոր կորպորացիաներ են միանում: Նա խոստովանել է՝ երբ 15 տարի առաջ ձևավորվել է ընթրիքի ավանդույթը, չի պատկերացրել, որ կարող են մեկ տանիքի տակ այսքան կորպորացիաների մեկտեղել, մարդկանց, որոնք սիրով  են աջակցում իրենց:

«Պատերազմի հետևանքով 8000 արցախցի երեխայի ենք օգնել: Սեպտեմբերից սկսած՝ նրանց սնունդ, տաք հագուստ ենք տրամադրել: Շահառուներ ունենք Հադրութից, Շուշիից»,-ընդգծել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ տարիներ են եղել երբ 250-ից 300 հազար դոլար է հավաքվել, սակայն այս տարի բարերարների շրջանակը փոքր է: «Դրամական օգնությունը կարևոր է, սակայն մենք նման նախաձեռնություններով ցանկանում ենք ասել արցախցիներին, միայնակ ծերերին, կարիքավոր ընտանիքներին, որ կան մարդիկ, որոնք մտահոգվում են նրանց համար  և ուզում են օգնել»,-շեշտել է հիմնադրամի հիմնադիրը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Միջոցառումն ուղեկցվել հայրենասիրական և դասական երաժշտությամբ: Ներկա է եղել ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, որը  երկրորդ անգամ է մասնակցել միջոցառմանը: Նա նշել է՝ շատ է կարևորում «Օրրանի» գործունեությունը, քանի որ նյութական խնդիրներ լուծելուց զատ կազմակերպությունը բազմաբնույթ ծրագրերի միջոցով շահառուներին արհեստներ է սովորեցնում: 

Ընթրիքին հավաքվել է 7,3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, սակայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կրկնապատկել է գումարը:

«Օրրան» բարեգործական հիմնադրամի նպատակը սոցիալապես անապահով և խոցելի երեխաներին և միայնակ ծերերին աջակցելն է:  Շահառուները 6-16 տարեկան երեխաներն և միայնակ մեծահասակներն են: «Օրրանի» առաքելությունն է օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով նրանց կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական ծառայությունների մեջ, պայքարել «երեխան՝ որպես ընտանիքում հիմնական հաց վաստակող» գաղափարի դեմ, օգնել «ճգնաժամի մեջ հայտնված» ընտանիքներին, աջակցել միայնակ և անօգնական ծերերին, բացահայտել և զարգացնել երեխաների հետաքրքրություններն ու ընդունակությունները և ուղղորդել նրանց համապատասխան ապագա մասնագիտության, կանխել և վերացնել աղքատության և մուրացկանության տարածումը Հայաստանի երեխաների և տարեցների շրջանում:

  • Կիսվել: