շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որոշակի կայունացում նկատելի է այս պահին. Անահիտ Ավանեսյանը՝ գրիպի տարածման մասին

Որոշակի կայունացում նկատելի է այս պահին. Անահիտ Ավանեսյանը՝ գրիպի տարածման մասին

Միջազգային դեղագործական շուկայում կա հումքի և լոգիստիկ շղթաների խնդիր: Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հակաբիոտիկների, այլ դեղամիջոցների պակասի խնդրին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք այս խնդիրը հասցեագրելու համար մի շարք որոշումներ ենք կայացրել և ժամանակային շրջանակներում, մի քանի ամսի ընթացքում, մինչև կկարգավորվի արտադրություններում հարցը, հնարավորություն ենք ընձեռել եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ ներմուծել Հայաստան առանց գրանցման պահանջի: Հավաքում ենք բոլոր անհրաժեշտ տվյալները, ամփոփում ենք, և եթե մի տեսակի դեղորայքի քանակների նվազում է նկատվում շուկայում, միջոցներ ենք ձեռնարկում դրա հետ կապված: Շաբաթական մոնիթորինգն իրականացվում է, որպեսզի այս ընդհանուր գլոբալ խնդրին մեր արձագանքը համահունչ լինի»,- ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ դպրոցների վերաբացելուց հետո վարակի որոշակի ակտիվացում է եղել, բայց դպրոցներում ձեռնարկված ֆիլտրի գործիչները բավական լավ աշխատում են, և ամեն օր աշակերտները ջերմաչափվում են:

«Բայց որոշակի կայունացում նկատելի է այս պահին, հույս ունենք, որ այսպես էլ կշարունակվի: Շրջանառվող շտամներից  H1N1-ն է և H3 տեսակն է»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ բոլոր մարզերում հավասար չափով գրիպի պատվաստանյութեր են բաշխվել:

  • Կիսվել: