ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք թաքցնելու բան չունենք և ամեն օր օբյեկտիվ ներկայացնում ենք իրավիճակը. Թորոսյան

Մենք թաքցնելու բան չունենք և ամեն օր օբյեկտիվ ներկայացնում ենք իրավիճակը. Թորոսյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով  ԲՀ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հարցին՝ կապված հանրապետությունում տիրող համաճարակային իրավիճակի,  H1N1 գրիպի պատճառով դպրոց չհաճախելու հետ, ասաց, որ ստեղծված դրությունը պայմանավորված է եղանակային իրավիճակով, ինչպես նաև սեզոնով, երբ սուր շնչառական վարակներն ավելի են ակտիվանում: «Ինչպես ամեն ձմեռ, այս ձմեռ նույնպես ունենք մի փոքր լարվածություն և դրան ուղղված իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ»,-ասաց նա

Նախարարն ասաց, որ հանրային լայն իրազեկում են անում, որպեսզի ավելորդ խուճապի առիթ չլինի: Նա նշեց. «Կոչ ենք անում հատկապես ոչ մասնագիտական հանրույթից դասերը բոյկոտելու, խմբերով դասերին չհաճախելու կոչեր չլինեն, որովհետև դա ոչ միայն չի օգնում համաճարակի դեմ պայքարին, այլ հակառակը՝ ավելորդ խոսճապ է ստեղծում և խանգարում է դասապրոցեսին»։

Խոսելով դասերի հնարավոր դադարեցման մասին՝ նախարարն ասաց. «Այսօրվա դրությամբ նորից հայտարարում եմ, որ նման առիթ չկա: Բացակայությունների մեծ մասը պարզապես կանխարգելիչ բացակայություններ են: Երեխաները հիվանդ չեն, բայց դպրոց չեն գնում, որպեսզի չհիվանդանան: Մենք՝ ինքներս ենք, հիվանդ երեխաներին կոչ անում դպրոց չգնալ, և կատարում ենք ֆիլտրի գործողություն»:

Թորոսյանն անդրադարձավ նաև ԲՀԿ պատգամավոր Վարդան Գևորգյանի նշած H1N1 գրիպին և ասաց, որ կան հարյուրավոր շտամեր, և դրանք ավելի վախեցնող չեն, քան մեկ այլ շտամը. «Դրանց դեմ պայքարի միջոցառումը նույնն է: Պետք չէ մրսել, պետք է ապահովել համապատասխան ջերմային պայմաններ բոլոր հաստատություններում, այդ թվում՝ դպրոցներում, մանկապարտեզներում և տանը: Չպետք է շփվել հիվանդ քաղաքացիների հետ, պետք է հաճախ լվացվել, որովհետև գրիպի վիրուսը նաև ձեռքերի միջոցով է փոխանցվում: Մենք որևէ թաքցնելու բան չունենք և ամեն օր օբյեկտիվ ներկայացնում ենք իրավիճակը»:

  • Կիսվել: