չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Օրհներգը ոչ զովացուցիչ ըմպելիքի գովազդ է, ոչ էլ հիթ-շքերթի առաջին տեղը զբաղեցնող երգ, որ ամենօրյա ռեժիմով հնչի տասնյակ հեռարձակողների եթերում. Հակոբյան

Օրհներգը ոչ զովացուցիչ ըմպելիքի գովազդ է, ոչ էլ հիթ-շքերթի առաջին տեղը զբաղեցնող երգ, որ ամենօրյա ռեժիմով հնչի տասնյակ հեռարձակողների եթերում. Հակոբյան

ՀՌՀ նախաագահ Տիգրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ «Քանակական հայրենասիրություն» (եթերում Օրհներգի պարտադիր կատարման մասին)» վերտառությամբ:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ազգային Ժողովում ՀՌՀ տարեկան հաղորդումը ներկայացնելիս եւս մեկ անգամ հնչեցրեցի իմ այն կարծիքը, որ ՀՀ Օրհներգի պարդադիր կատարումը 24.00-ին բոլոր հեռուստառադիոընկերությունների եթերում վիճելի նորմ է, եւ այդ օրենսդրական պահանջը անհրաժեշտ է ձեւափոխել:

 

Այդ տեսակետը բուռն արձագանքի արժանացավ որոշ հանրային անձերի, լրագրողների եւ սոցցանցերի օգտատերերի կողմից: Մի քանի գրառումներում իմ այս կարծիքը նույնիսկ որակվեց որպես եկեղեցու, ընտանիքի ինստիտուտի, ազգային արժեքների դեմ միտված քայլ: Ցավով պետք է արձանագրեմ, որ մեզանում անչափ շատ են մարդիկ, որոնց մոտ բացակայում են թե մտավոր գործողություններ կատարելու ունակություններն ու ցանկությունը, թե այդպիսի գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գործիքակազմը: Այնուամենայնիվ, եւս մեկ անգամ փորձեմ կարճ փաստարկել իմ տեսակետը:

Ցանկացած երկրում պետական/ազգային Օրհներգը քաղաքական իշխանության գործիքներից մեկն է:

Այլ ֆունկցիաներ կատարելու հետ միասին այն կարգավորում է մարդկանց վարմունքը, համախմբում եւ ոգեւորում է նրանց, խորհրդանշում է քաղաքացիների սերը, հպարտությունը, հարգանքը առ սեփական պետություն: Այդ է պատճառը, որ Օրհներգի կատարումը ուղեկցվում է համապատասխան արարողակարգով (ներկաները ոտքի են կանգնում, դադարեցնում են շարժումներն ու աղմուկը, եւ այլն): Չմոռանանք նաեւ որ այն կատարվում է հանդիսավոր եւ ուրեմն սահմանափակ առիթներով: Բայց անհասկանալի տրամաբանությամբ լիցենզավորված բոլոր հեռուստառադիոներին օրենքով պարտադրեցին օրը երկու անգամ հնչեցնել պետության խորհրդանիշներից մեկը:

Ասածս այն է, որ Օրհներգը ոչ զովացուցիչ ըմպելիքի գովազդ է, ոչ էլ հիթ-շքերթի առաջին տեղը զբաղեցնող երգ, որ ամենօրյա ռեժիմով հնչի տասնյակ հեռարձակողների եթերում: Որ ներխուժի մարդկանց բնակարան, երբ քաղաքացին չի սպասում այն, պատրաստ չի ընկալել, խորությամբ զգալ երկրի ամենագլխավոր երաժատական եւ խոսքային ուղերձը:

Օրինակներ բերեմ:
Մոտենում է կեսգիշերը…: Գինովցած ֆուտբոլասերները Երեւանի փաբերից մեկում լարված հետեւում են սիրված թիմի հերթական հարձակմանը եւ հասունացող գոլի պահին խաղը ընդհատվում է Օրհներգով: Դուք՛ հարգելի երդվյալ հայրենասերներ, տեսե՞լ եք ֆուտբոլասերների էմոցիոնալ արձագանքը այդ պահին: Նորից մոտենում է կեսգիշերը… Տան տնտեսուհին հերթական սերիալն է դիտում, եւ սիրավեպի կուլմինացիոն վարկյաններին պատկերն մեկ ակնթարթում փոխվում է, առաջացնելով տիկնոջ հիասթափությունը:

Կարելի է երկար շարունակել, թե ոնց է մեր պետության խորհրդանիշը ընդմիջում բռնության, կամ անկողնային տեսարաններըը, կրիմինալ «ռազբիրատը», ռաբիս անճաշակ կլկլոցը…: Եւ այդ ամենը անմիջապես շարունակվում է Օրհներգից հետո:

Եւ օրեցօր կրկնվող հարյուրավոր նմանատիպ իրավիճակներում Օրհներգը փոխակերպվում է ծաղրանքի, ենթարկվում է անարգանքի, դառնում է կեղծ: Հայրենասիրությունը, հարգանքը քանակական չափորոշիչ չպետք է ունենա:

Կան փոքրատիվ երկրներ, որտեղ հեռուստա եւ ռադիոընկերությունները հեռարձակում են Օրհներգը առավոտյան եւ երեկոյան, սակայն միայն հանրային կամ պետական ալիքներով (Կոլումբիա, Թայլանդ, Տանզանիա, այլ): Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային օրհներգը, օրինակ, հնչում է Հոնգկոնգի հեռուստաալիքներով լուրերի երեկոյան թողարկումներից առաջ:

Եւ դա հստակ քաղաքական ուղերձ է հոնկոնգցիներին՛ ձեր երկիրը արդեն Չինաստանի անբաժանելի մասն է, եւ դուք ՉԺՀ-ի քաղաքացիներ եք: Հայաստանցիներս օրը երկու անգամ (այն էլ ընդմիջելով կեսգիշերային ժանրի հաղորդումները) ինչ-որ մեկին պետք է բացատրենք, որ մեր երկիրը մերն է, եւ մենք այս երկրի քաղաքացինե՞ր ենք՛՛:

 

 

 

  • Կիսվել: