երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ՀՅԴ-ն ԿԳՄՍՆ-ից կստանա տրցակներով քրգործեր

ՀՅԴ-ն ԿԳՄՍՆ-ից կստանա տրցակներով քրգործեր

«Եթե չի քննարկվելու, եթե ունեք որոշած բաներ, որ զիջման չեք գնալու, այդ նախագծերը ինչwu՞ եք մեզ ուղարկում, եթե պատրաստակամությունը կա, սիրով պատրաստ ենք քննրակել, ոչ թե կատեգորիկ զիջման չենք գնալու։ Մենք հակառակորդներ չենք, որ զիջման գնալու եք, կամ չեք գնալու»,-այս մասին այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ. գ. դ, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը՝ անդրադառնալով հայագիտական առարկաները բուհերում պարտադիր չդարձնելու մասին նախարարության ներկայացրած օրենքի նախագծին, ինչպես նաև՝ այդ նույն նախագծի այլ դրույթներին:

«Մենք բարիկադի երկու կողմերում գտնվող մարդիկ չենք, մեր բոլորիս նպատակը պետք է լինի լավ կրթական եւ գիտական համակարգ ունենալը։ Ով է ռեկտոր, ով է նախարար, ով է դասախոս՝ կարեւոր չէ, 1,5 տարի առաջ Դուք էլ դասախոս էիք, եւ այստեղ բարեկամական մթնոլորտը պետք է իշխի, ոչ թե դիրքավորումը»,-ասաց Մովսիսյանը

Նա նաև նշեց, որ օրենքի մեջ կա վտանգավոր դրույթ, որն իրենց համար մտահոգիչ է։

«Խիստ կառավելի համակարգ են ստեղծում, եւ տվյալ պահին ով նախարար կլինի, ամբողջ համակարգը դրվում է նրա քմահաճության տակ, եւ եթե մի նոր մարդ է գալիս, գայթակղությունը շատ մեծ է լինում համակարգը չփոխելու»,-եզրափակեց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչը:

«Մենք պատրաստ ենք երկխոսության, և ես իմ հայտարարությունների մեջ նշել եմ։ Չգիտեմ՝ որտեղից եք վերցրել, թե ասել եմ՝ որևէ զիջում չի կարող լինել։ Եթե որևէ զիջում չի կարող լինել, ապա այս քննարկումը չէր լինի։ Այո, ասել եմ, որ կան սկզբունքային հարցեր, որոնք ամբողջությամբ փոխում են օրենքի տրամաբանությունը, և, բնականաբար, եթե կա որոշակի գործընթաց, և օրենքի հիմքում դրված է որոշակի տրամաբանություն, ապա այդ տրամաբանությանը պետք է հետևել և պաշտպանել փաստերով ու փաստարկներով քո սկզբունքը. այստեղ որևէ վատ բան չկա»,-պատասխանելով Արտակ Մովսիսյանի հարցին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարն անդրադարձավ նաև նախագծի՝ ընդդիմախոսների կողմից մատնանշված վիճելի կետերին: Նա ասաց, որ բուհերի ամփոփ որևէ փաստաթղթում հայերենի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդման շուրջ դիտողություն չի եղել. «Ես այսօր խնդրել եմ ևս մեկ անգամ այդ փաստաթղթերը նայել։ Մեզ այդ հարցի հետ կապված եկել են պատմության ֆակուլտետի դիտարկումները։ Բանասիրականից ոչինչ չենք ստացել»։

Արայիկ Հարությունյանը հատուկ ընդգծեց, որ հայերենի քննությունը օրենքով պիտի պարտադիր լինի ՀՀ քաղաքացիների համար. «Որևէ մեկդ չնշեց, որ հայերենի քննությունը օրենքի նախագծով պետք է պարտադիր լինի ՀՀ քաղաքացիների համար, բա ինչի չէիք պայքարում, որ չհանեին»։

Արայիկ Հարությունյանը, արձագանքելով դասախոս Ռիտա Սաղաթելյանի (ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորաքույրը) մասով կոռուպցիայի հարցին, ասաց․ «Կոռուպցիոն գործընթացը բացահայտելը բարդ գործընթաց է, բայց Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը։ Հիմա մենք հարցումն արել ենք, կստանան նաև պատասխանները»։

Ռիտա Սաղաթելյանը նշեց, որ ինքը խոսում էր հայոց լեզվի մասին։

Նախարարը խնդրեց չընդհատել․ «Ես չեմ ընդհատել, ուրեմն բարի եղեք լսել, եթե Ձեր ականջներին հաճելի չէ»։

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը շահավետ համարեց դասախոսների և նախարարի միջև հանդիպումը:Նա նշեց, որ աշխատանքային նախագծի վերաբերյալ ինչպես իրենց, այնպես էլ բուհի դիտարկումները, առաջարկությունները որոշ չափով հաշվի են առնվել: Խոսքը, մասնավորապես, բուհերի համակարգի իրավական կառավարման մասին է:

«Նախատեսվում է դեկանների ոչ թե նշանակում ռեկտորների կողմից, այլ ընտրություն: Դա լուրջ առաջընթաց քայլ է, ինչը կարող է հույս ներշնչել, որ հետո ձևավորվող ակադեմիական խորհուրդը, որը նախկինում կոչվում էր բուհերի գիտական խորհուրդ, իր քննարկումներում ավելի առարկայական կլինի՝ կապված Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հարցի հետ: Ամեն դեպքում՝ ես մնում եմ այն կարծիքին, որ Հայոց լեզվի դասավանդումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում, գոնե առայժմ ամրապնդվի, մինչև մենք կունենանք բավարար չափով համակարգված հանրակրթություն: Այսինքն՝ ավագ դպրոցը կկատարի իր դերը»,-պարզաբանեց Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ տարբեր բուհերի ուսանողներ և ՀՅԴ ՀԵՄ անդամները բողոքի ակցիաներ են անցկացնում. Նրանք բողոքում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ դրույթների դեմ:

 

  • Կիսվել: