կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Օնլայն և անհատ տաքսի վարորդների միջև հարկային բեռի առումով տարբերություն չկա. Մաշադյան

Օնլայն և անհատ տաքսի վարորդների միջև հարկային բեռի առումով տարբերություն չկա. Մաշադյան

Գործող օրենսդրությամբ ոչ մի տարբերություն չեմ տեսնում անհատ տաքսի վարորդների և օնլայն տաքսի ծառայություններում աշխատող տաքսու վարորդների միջև։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։

Նա նշեց, որ տաքսի ծառայություն մատուցող վարորդներն օրենսդրությամբ պետք է ունենան լիցենզիա, սակայն լիցենզիայի համար գումարի վճարում օրենսդիրը չի նախատեսել։

Մաշադյանն ասաց. «Լիցենզիայի առկայության դեպքում անհատ վարորդն առանց օնլայն տաքսիների կողմից տրված պատվերներով ծառայություն կմատուցի, թե նրանց տված պատվերներով, ոչ մի լրացուցիչ տարբերություններ չի առաջանում։ Այսինքն՝ չկա որևէ տարբերություն օնլայն տաքսի ծառայություն մատուցող վարորդների և անհատ վարորդների միջև՝ հարկային բեռի առումով»։

Նա նշեց նաև, որ նախկինում եղել են տուրքի գծով կուտակված պարտավորություններ. ովքեր չեն վճարել 12.000 դրամները, այդ պարտքի նկատմամբ հաշվարկվել են տույժեր։ Իսկ 2019-ին օրենք է ընդունվել, համաձայն որի՝ առաջարկվել է վճարել միայն մայր գումարները, և բոլոր տույժերը կզրոյացվեն: Մաշադյանն ասաց, որ շատերն այդպես էլ վարվել եբ՝ վճարել են ու ազատվել տույժերից:

  • Կիսվել: