շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ողբերգական վթարի հետեւանքով զոհված Volkswagen-ի վարորդը 35-ամյա Մառլեն Մարգարյանն է. նա «Այբ» դպրոցի վարորդն էր

Ողբերգական վթարի հետեւանքով զոհված Volkswagen-ի վարորդը 35-ամյա Մառլեն Մարգարյանն է. նա «Այբ» դպրոցի վարորդն էր

Շիրակի մարզի ողբերգական վթարի հետեւանքով զոհված Volkswagen-ի վարորդը 35-ամյա Մառլեն Մարգարյանն է, նա վաղուց էր համագործակցում «Համշեն» տուրի հետ: Այս մասին  հայտնեց նրա ընկերներից մեկը:

Մառլենը արմատներով Ախալցխայից էր, ապրում էր Երեւանում, աշխատում էր նաեւ «Այբ» դպրոցում՝ որպես վարորդ: Մառլենն ամուսնացած էր, ունի 8 տարեկան որդի եւ մանկահասակ դուստր:

«Կյանքի մարդ, ուժեղ ու հզոր վարորդ, բարի, աշխատասեր, հավատս չի գալիս, որ Մառլենն էլ չկա»,- ասաց նրա ընկերը:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

  • Կիսվել: