չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. քննչական կոմիտեի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Երևանում. քննչական կոմիտեի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին Երևանի 103 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 17 խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկ, որտեղ դրսում՝ ՀՀ Քննչական կոմիտեի հարեւանությամբ, հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բաղիյանի գլխավորությամբ։

 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արայիկ Դերձյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 65-70 տարեկան՝ դեռևս անձը չպարզված տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար։

 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: