կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա երկու զոհ, որոնցից մեկն անչափահաս է

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա երկու զոհ, որոնցից մեկն անչափահաս է

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Կա երկու զոհ, որոնցից մեկն անչափահաս է, մյուսը` տարեց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
 

«Ժամը 07։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանների 1-ին գոտում, ավտոմեքենա է ընկել ձորը և, ըստ տեղեկությունների, կան տուժածներ»,–գրում է կայքը։

Պարզվել է՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Դիլիջան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, տապալել այն, հայտնվել անտառում՝ կոտրելով մի քանի հաստաբուն ծառեր։

Մահացածների դիերը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։
Սևանի ջրասուզակներն ու ճանապարհային ոստիկանները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ ձորից դուրս են բերել մոտ 70 տարեկան տղամարդու և 12-15 տարեկան տղայի դիեր։
 
Դիլիջանի բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել տուժածներից 2–ին, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: