ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նուբարաշենի հոգեբուժարանը գերբեռնված է, պացիենտներն ապահովված չեն բավարար անձնական տարածությամբ. ՄԻՊ

Նուբարաշենի հոգեբուժարանը գերբեռնված է, պացիենտներն ապահովված չեն բավարար անձնական տարածությամբ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն ու փորձագետները չհայտարարված այցելել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» (Նուբարաշենի հոգեբուժարան), որտեղ մի շարք խնդիրներ են հայտնաբերել, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Կենտրոն ընդունվող պացիենտների նկատմամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով 14-օրյա մեկուսացում չի իրականացվում։ Բացի այդ, կենտրոնը գերբեռնված է, և պացիենտներն ապահովված չեն բավարար անձնական տարածությամբ։ Ավելին, հոգեբուժական կազմակերպություն այցելուների մուտքի ժամանակ ջերմաչափման գործընթացը պատշաճ չի իրականացվում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ նորմերի խախտումներից բացի, ՄԻՊ աշխատակիցներն արձանագրել են` կենտրոնի բաժանմունքները, ներառյալ՝ հիվանդասենյակները, լոգարանները, ճաշասրահները և խոհանոցներն, ունեն լուրջ վերանորոգման կարիք։ Պացիենտների ֆիզիկական զսպումը երբեմն իրականացվում է հիվանդասենյակներում մյուս պացիենտների ներկայությամբ։

Ըստ ՄԻՊ-ի՝ պացիենտներից ոմանք կազմակերպական տարբեր խնդիրների պատճառով հնարավորություն չունեն ստանալ իրենց կենսաթոշակը։ Իսկ նրանց հագուստը հիմնականում չի անհատականացվում և լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով։

Նշվում է նաև, որ դեպի կենտրոն չկա հասանելի հասարակական տրանսպորտային հաղորդակցություն այն դեպքում, երբ այնտեղ 407 պացիենտ կա:

Այցի ընթացքում ՄԻՊ-ն արձանագրել է նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ հոգեբուժական կազմակերպությունն ապահովված է եղել կորոնավիրուսի համար անհատական պաշտպանիչ և ախտահանիչ միջոցներով։ ՄԻՊ–ի աշխատակիցները ֆիքսել են, որ բաժանմունքներում տեղադրվել են տաքսոֆոններ, ներդրվել է ինտերնետ հաղորդակցության ներքին ցանց, իսկ փաստաթղթաշրջանառությունը թվայնացվել է:

  • Կիսվել: