Նոր կայքի շնորհիվ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակը տրամադրվում է ավելի արագ
Աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային նոր հարթակը հնարավորություն է տալիս գործատուներին և օտարերկրյա աշխատողներին գրանցման գործընթացը իրականացնել ավելի կարճ ժամկետներում:
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ Քովիդով պայմանավորված որոշակի սահմանափակումներից ելնելով` շնորհանդեսը իրականացրեցին ավելի ուշ: Նա նշեց, որ հարթակը ունի երկու կարևոր առավելություն. առաջինը` այն կրճատում է վարչարարության վրա ծախսվող ժամկետները և ապահովում է տարբեր պետական գերատեսչությունների միաժամանակյա աշխատանքը օնլայն տիրույթում: Երկրորդը՝ գործատուները և օտարերկրացիները պետական մարմինների հետ ֆիզիկապես առնչվելու խնդիր չեն ունենում, այսինքն՝ բոլոր թղթաբանությունը և գործընթացները նվազեցվել են և հասցվել են մինիմումի: Օտարերկրացին, ըստ էության, վերջում մեկանգամյա այցելության անհրաժեշտություն ունի Միգրացիոն ծառայություն, երբ պետք է ստանա իր կացության կարգավիճակը հավաստող քարտը:
Նա ասաց, որ մինչ 2022 թվականի ապրիլի 18-ի դրությամբ 260-ից ավելի օտարերկրացի ստացել են աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ և ԵԱՏՄ քաղաքացիներից 170-ից ավելին էլ ստացել են օրինական բնակությունը հավաստող տեղեկանք: ԵԱՏՄ քաղաքացիները կացության կարգավիճակը ստանում են մեկ շաբաթվա կտրվածքով, իսկ մնացած քաղաքացիների պարագայում կարող է տևել 25-ից 30 օր՝ նախկին 60-80 օրվա փոխարեն:
Նա նշեց նաև, որ ամենօրյա կապի մեջ են գործատուների հետ և նրանցից ստացած առաջարկությունների և բարձրաձայնած խնդիրների հիման վրա որոշ փոփոխություններ արդեն իսկ իրականացվել են հարթակում: Այն լինելու է շարունակական, որպեսզի հարթակը լինի ավելի արդյունավետ:
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ գործարկված հարթակը արդեն իսկ ցույց է տվել իր աշխատունակությունը, քանի որ արդեն ունեն այդ հարթակով գրանցված քաղաքացիներ և հաջող պատմություններ:
«Շատ կարևորում եմ, որ այս հարթակի շնորհիվ բոլոր գերատեսչությունները իրենց գործառույթները կիրականացնեն առանց լրացուցիչ թղթաբանության: Հնարավորություն կունենան անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ և հետագա մոնիտորինգի համար հավաքել անհրաժեշտ բազա առանց գործատուի և օտարերկրացի քաղաքացիների հետ կոնտակտի»,- ասաց նա:
Մարդկային ռեսուրսների բնագավառում շուրջ 14 տարի և ավել աշխատող Հեղինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ և նախկին, և ներկայիս աշխատավայրերում մշտապես ընդունել են օտարերկրացի աշխատողների:
«Նախկինում այն սարսափելի ժամանակատար գործընթաց էր, որը և՛ժամանակն էր խլում, և, ըստ էության, վնաս էր գործատուին, որովհետև եթե գործատուն անընդհատ զբաղված է թղթաբանության հարցերով, ապա մնացած բոլոր աշխատանքները տուժում են: Այժմ այս ընկերությունում ևս ունենք օտարերկրացիներ, օգտվել ենք հարթակից և կարող եմ ասել նախկինի հետ համեմատ շատ հեշտացված է ամեն ինչ, և դու ուղակի համակարգչի առջև նստած շատ արագ իրականացնում ես նախկինում երկար և քաշքշուկային թղթաբանությունը»,-ասաց նա:
Մասնագետը նշեց, որ սկզբնական փուլում մի փոքր դժվարություններ եղել են չիմացության պատճառով, բայց Միգրացիոն ծառայության իրավաբանական բաժնի աշխատողները մշտապես պատրաստ են օգնել բոլոր գործատուներին և ծանոթացնել հարթակից օգտվելու բոլոր նրբություններին: