երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նոր Արեշում պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն

Նոր Արեշում պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշում պայթյունից տուժած երկու քաղաքացիները շարունակում են գտնվել բժշկական կենտրոններում: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։

Նրա խոսքով` տուժած տղամարդը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն:

«Տարեց կինը «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է»,- ասաց նա։

Հիշեցնենք` փետրվարի 5–ին` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և 23-րդ տան բնակիչ Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ տղամարդունը՝ ծանր։

Փլատակներից դուրս են բերվել նաև ամուսինների դիեր։ Մահացածներն են 43-րդ տան բնակիչներ 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։

Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

  • Կիսվել: