կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գրիբոյեդովի արձանի պղծմանը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գրիբոյեդովի արձանի պղծմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը ներկելու դեպքին և ասաց, որ իր խոսնակը շատ հստակ իր անունից մեկնաբանել է այդ դեպքը՝ դատապարտելով այն եւ հստակ որակելով որպես վանդալիզմ։

«Ես կարծում եմ, որ ընդհանրապես պատմական իրողությունների գնահատման եւ վերագնահատման խնդիր գոյություն ունի՝ ո՞վ է Գրիբոյեդովը, եւ ի՞նչ է նա ընդհանրապես խորհրդանշում։ Իսկ իմ կարծիքով՝ Գրիբոյեդովը խորհրդանշում է Հայաստանի ընտրությունը․ Հայաստանը պետք է լինի եվրոպակա՞ն պետություն, թե՞ Հայաստանը պետք է լինի ասիական պետություն։ Վերջերս ես «Կոմերսանտ» թերթին հարցազրույց էի տվել եւ չեմ հիշում՝ ինչ հարցին ի պատասխան՝ խոսել էի Իսրայել Օրու առաքելության մասին։ Եվ ցույց էի տվել, որ Իսրայել Օրին, որը համարվում է Ռուսաստանի՝ մեր տարածաշրջան գալու սիմվոլը, իր առաքելությունը սկսել է Եվրոպայից եւ կոնկրետ Գերմանիայից։ Նա փորձել է եվրոպական զորքեր բերել՝ սկզբից Գերմանիայից, ապա Հռոմեական սրբազան կայսրության կայսրից, որպեսզի ապահովի Հայաստանի պատկանելությունը եվրոպական քաղաքակրթությանը։

Եւ հենց Հռոմեական սրբազան կայսրության կայսրն է ասել՝ մենք ստեղ խառն ենք, գուցե դիմեք Ռուսաստանին՝ Պետրոս Առաջինին։ Եվ դրանից հետո է գնացել Իսրայել Օրին, դիմել Պետրոս Առաջինին, եւ ես ասել եմ, որ Ռուսաստանը այս համատեքստում այս տարածաշրջան եկել է որպես եվրոպական քաղաքակրթության կրող, եւ Իսրայել Օրու առաքելությունը դա է եղել։ Եւ Գրիբոյեդովը, որպես այդ ժամանակաշրջանում շատ ակտիվ մեր տարածաշրջանում գործած դիվանագետ, հենց խորհրդանշում է մեր պատկանելությունը եվրոպական քաղաքակրթությանը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և անդրադարձել Գարեգին Նժդեհին:

Նա, մասնավորապես, ասել է. «Անդրադառնալով Գարեգին Նժդեհին՝ արդեն ասել եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում, համենայն դեպս, ես այդպիսի օրակարգի հետ չեմ առնչվել։ Եվ ես կարծում եմ, որ դա որոշ ուժերի կողմից օգտագործվում է որպես սադրանք՝ հայ-ռուսական հարաբերությունների մեջ սրացումներ մտցնելու համար։

Բայց կրկին պատմական իրողությունների համատեքստում ուզում եմ հիշեցնել նաեւ, որ Ղարաքիլիսայից առաջ, հայ-թուրքական պատերազմից առաջ Գարեգին Նժդեհը Բալկանյան պատերազմում եւ առաջին Համաշխարհային պատերազմում  մասնակցել է որպես ռուսական բանակի, եթե չեմ սխալվում, պորուչիկ կամ ենթասպա եւ պարգեւատրվել է որպես ռուսական բանակի ներկայացուցիչ։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր իմացա, որ ռուսական մամուլում այս թեմայով հրապարակումներ են լույս տեսել, որոնք այս հարցի վերաբերյալ կբերեն շատ կարեւոր պարզաբանումների»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, Facebook-ի իր էջում հրապարակել էր ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երևում է, որ արձանի վրա կամիր ներկ է լցված։ Նա լուսանկարին կից գրառում էր արել։

«Ուշադրություն։

Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։

 

  • Կիսվել: