շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային խորհրդակցություն՝ Սյունիքում

ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային խորհրդակցություն՝ Սյունիքում

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում՝ տեղում գնահատելու փրկարարական ստորաբաժանումների պատրաստվածությունը, օպերատիվ արձագանքման կազմակերպվածությունն ու առկա մարտահրավերները։
 
Նրանք այցելել են մարզի միջպետական ճանապարհի՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի հատվածներում տեղակայված առաջնային օգնության հենակետեր, որոնք նախատեսված են նաև արտակարգ իրավիճակների ժամանակ օպերատիվ արձագանքման համար։
 
Կամո Ցուցուլյանը ծանոթացել է առկա նյութատեխնիկական բազային, կադրերի համալրվածությանը, ինչպես նաև արձագանքման ժամանակագրությանը։ Փրկարար ծառայության տնօրենը հանդիպել է հերթապահ փրկարարների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական պատրաստվածությամբ և առկա խնդիրներով։
 
Այցի ընթացքում քննարկվել են նաև հենակետերի տեխնիկական միջոցների վերազինմանը և արձագանքման հնարավորություններին վերաբերող հարցեր։
 
Կամո Ցուցուլյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների օպերատիվ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ առաջնային օգնության հենակետերը պետք է լիարժեք գործեն ինչպես կանխարգելման, այնպես էլ հրատապ արձագանքման դեպքում։
 
ՓԾ տնօրենն այցելել է նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչություն, որտեղ ճգնաժամային կառավարման կենտրոնում առցանց տարբերակով հետևել է մարտական հաշվարկների կողմից արձագանքվող դեպքերի ընթացքին՝ գնահատելով օպերատիվ արձագանքման հնարավորությունները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրվել են մի շարք հանձնարարականներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ ՓԾ տնօրենն ընդգծել է, որ քաղաքացու յուրաքանչյուր ահազանգ պետք է ստանա օպերատիվ արձագանք՝ բարձր մասնագիտական պատասխանատվությամբ ու հստակ համակարգված քայլերով։
 

  • Կիսվել: