հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՆԳՆ-ն ֆիննախի աշխատակիցների համար կազմակերպել է առաջին բուժօգնության դասընթաց

ՆԳՆ-ն ֆիննախի աշխատակիցների համար կազմակերպել է առաջին բուժօգնության դասընթաց

Ապրիլի 3-7-ը ՆԳՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը ֆինանսների նախարարության աշխատակիցների համար կազմակերպել և անց է կացնում «Առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով վերապատրաստման դասընթացներ։

Վերապատրաստման տեսական փուլում ներառված են առաջին բուժօգնության ցուցաբերման տարբեր թեմաներ, մասնավորապես՝ տուժածների առաջնային և երկրորդային զննում, անգիտակից տուժածներին առաջին օգնության ցուցաբերում՝ ԿԱԴ (կողքի ապահով դիրք), առաջին բուժօգնության ցուցաբերում տարբեր տեսակի արյունահոսությունների ժամանակ, ՍԹՎ (սիրտ-թոքային վերակենդանացում) մեծահասակների և մանուկների մոտ, հենաշարժիչ համակարգի վնասվածքներ, արտաքին ազդակների ազդեցությունը օրգանիզմի վրա, վերքեր և վնասվածքներ, վիրակապում, առաջին բուժօգնություն օձերի խայթոցների դեպքում և այլն։

Ընթացիկ փուլին ներգրավված են գերատեսչության 14 մասնակիցներ, ովքեր կամրապնդեն իրենց կարողությունները և հմտությունները նախահիվանդանոցային պայմաններում առաջին օգնության ցուցաբերման ժամանակ, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքները կկիրառեն առօրյա կյանքում և աշխատանքային միջավայրում։

Գործնական փուլն անց է կացվում ինտերակտիվ տարբերակով՝ բանախոս-մասնակիցներ ակտիվ հարցադրումներով։ Ուսուցման ողջ ընթացքն ուղեկցվում է պրակտիկ ցուցադրությամբ, որի ժամանակ օգտագործվում են մանեկեն-տրենաժորներ։

Դասընթացները վարում են ԲԱՎ մասնագետները:

Նշենք որ, դասընթացներն ունեն շարունակական բնույթ, պարբերաբար կազմակերպվում և իրականացվում են տարբեր գերատեսչությունների աշխատակիցների հետ։

  • Կիսվել: