«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ բաժնետոմսերը կմասնավորեցվեն մրցույթով
ՀՀ կառավարությունը կթույլատրի մրցույթով մասնավորեցնել Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության տակ գտնվող «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը: Այս մասին կառավարության որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի ապրիլի 29-ի նիստի օրակարգում:
«Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր ենթակայության՝ 3,014.1 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 227,928.9 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով»,- ասված է որոշման նախագծում:
Որոշմամբ՝ ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը կսահմանվի 218,102.9 հազ. դրամ, մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 163,577.2 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 75 տոկոսին: