կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նալբանդյան 28-ում կհիմնադրվի «Ռեփաբլիք» պլազա

Նալբանդյան 28-ում կհիմնադրվի «Ռեփաբլիք» պլազա

Երեւանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող 7809,9 քառ.մ մակերեսով շենքի և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասի հիմնադրվելու է «Ռեփաբլիք» պլազա բաց բաժնետիրական ընկերությունը։ Այս մասին որոշումն այսօր՝ օգոստոսի 17-ին, ընդունվեց Կառավարությունն իր հերթական նիստում։ 

«Սա նոր գործիքակազմ է, հիմնում ենք 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն։ Շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում՝ սկսած տեղադիրքից՝ ավարտած իր ճարտամշակութային արժեքով։ Սակայն շենքի ներսում կահավորման  նորոգման վիճակը մեղմ ասած լավ չէ, անհրաժեշտ է շատ աշխատանք, ինչը պետք է կատարվի մասնավորի միջոցով։ Արժեքը մոտ 17 մլրդ դրամ է, սա էլ ընկած է կապիտալի հիմքում։ Նախագիծը կարող է հետագայի համար լավ օրինակ դառնալ նմանանատիպ արժեքի ունեցող գույքերի օգտագործման համար»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Շենքը չի մասնավորացվելու, ստեղծվելու են բաժնետոմսեր եւ դրանք բաշխվելու են Երեւանի ֆոնդային բորսայում։ Ներդրողները ներկայացնելու են ծրագրեր, հատուկ ստեղծված խորհուրդը քննարկելու դրանք։ Այս պահին հնարավոր չէ ասել՝ պլազան դառնալու է հյուրանոց, առեւտրային, թե այլ կենտրոն։

«Շատ լավ նախագիծ է, ես հիշում եմ, որ սա առաջին անգամ քննարկել ենք 2020 թվականի ապրիլին, այստեղ։ Հիմա նորմա՞լ է, որ որոշումը նոր ենք կայացնում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը պարզաբանեց, որ որոշումը բարդ եւ ժամանակատար է, քննարկվել է բազմաթիվ գերատեսչությունների հետ, ներդրողների հետ, գույքի գնահատումը կատարվել է մի քանի անգամ։

«Իմ հարցի մեջ կանխավարկած չկա, օբյեկտիվ պատասխան եմ ցանկանում ստանալ։ Որոշումների համար նորմալ ժամանակահատված է կես տարուց մեկուկես տարին։ Ստացվում է՝ մենք ընդունել ենք որոշումը երեք տարի առաջ, ընդունել ենք ռազմավարություն դրանից երկու տարի հետո, մեկ տարի հետ էլ՝ սա։ Ամեն դեպքում այս ամենը պետք է անենք արագ, իհարկե, ոչ շատ կայծակնային»,- նկատեց Փաշինյանը։

«Հուսով եմ՝ անցած ժամանակը տալու է էֆեկտ, որովհետեւ եթե ճիշտ ենք նախագծել, շատ արագ է արդյունք տվել, եթե պարզվի, որ ճիշտ չենք նախագծել, իհարկե, ժամանակի կորուստը շատ թանկ կնստի մեր վրա։ Թեպետ վստահ եմ՝ որ քննարկումներն արդյունավետ են եղել»,- ընդգծեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

  • Կիսվել: