կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում նույնպես առաջարկում ենք ներդնել ատեստավորման մեխանիզմը. Ժաննա Անդրեասյան

Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում նույնպես առաջարկում ենք ներդնել ատեստավորման մեխանիզմը. Ժաննա Անդրեասյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագիծը մշակվել է՝ ելնելով մի շարք խնդիրներից:

«Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես և կրթության մյուս ոլորտներում որդեգրել ենք աշխատողների վարձատրության և մասնագիտական զարգացման փոխկապակցված մեխանիզմի ներդրման քաղաքականությունը, որն ամրագրված է Կառավարության ծրագրով, հնգամյա միջոցառումների ծրագրով: Այստեղ նույնպես առաջարկում ենք ներդնել ատեստավորման և տարակարգերի մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան փոխել ոլորտում աշխատողների դրույքաչափը, նաև սահմանել հավելավճարներ»,- ասաց Անդրեասյանը:

Նշված նախագիծը պարունակում է այդ փոփոխությունների համար անհրաժեշտ դրույթները:

Խոսքը շուրջ 7000 աշխատակցի մասին է: Փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա, որ նրանց համար ստեղծվեն մասնագիտական զարգացման ու վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմներ:

«Կարևորում եմ նաև, որ մենք այս փոփոխությամբ ոլորտում փորձելու ենք ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմ, որն էական խնդիր է: Այս օրերին մենք տեսնում ենք, որ շատ հաճախ կրթաթոշակներն օգտագործվում են հենց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար, հատկապես գյուղական բնակավայրերից ուսումնական հաստատություններ հասնելու համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

  • Կիսվել: