հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Նախկինում աբսուրդ էր՝ ասում էին վճարիր տեխզննման կտրոնի համար, բայց մի անցիր տեխզննություն․ ԱԺ պատգամավոր

Նախկինում աբսուրդ էր՝ ասում էին վճարիր տեխզննման կտրոնի համար, բայց մի անցիր տեխզննություն․ ԱԺ պատգամավոր

Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ավտոմեքենաների տեխզննման շուրջ 40  կայանների նկատմամբ նոր պահանջներ կսահմանվեն։ Այդ մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նա հավելեց, որ տեխզննման կենտրոններին կտրվի ժամանակ, որպեսզի դրանք ձեռք բերեն համապատասխան տեխնիկա, միանան առցանց համակարգին։

«Դրա արդյունքում մենք հնարավորություն կունենանք տեսնել՝ ինչպես է մեքենան տեխզննում անցնում։ եթե մեքենան տեխզննում անցած չլինի, սահմանվում է վարչական պատիժ», - նշեց փոխնախարարը։

Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի հարակից զեկուցող, ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը Ճանապարհային ոստիկանության համակարգի նախկին ներկայացուցիչ է, ասաց, որ ոլորտում աբսուրդային իրավիճակ էր տիրում՝ 2011-ին կառավարության որոշմամբ պարտադրվեց վարորդներին ունենալ տեխզննման կտրոն, սակայն դրա համար պարտադիր չէր, որ մեքենան տեխզննում անցնի։

«Պատկերացրեք աբսուրդի աստիճանը՝ դու ունեցիր տեխզննման կտրոն, բայց պարտադիր չէ մի գնա տեխզննում անցիր։ Դոմինանտը այն էր, որ բանկում վճարում կատարվի այդ կտրոնի համար, բայց մեքենադ թող տեխզննում անցած չլինի։ Այսինքն՝ ունեցիր դիպլոմ, բայց մի եղիր իրավաբան։ Այսինքն՝ մարդու կյանքը, երթևեկության անվտանգությունը առաջնային չէր։ Սա աբսուրդ էր», - հայտարարեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ կատարվող փոփոխություններով շեշտադրվում է ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանության հարցը։

Ըստ պատգամավորի, աբսուրդային էր նաև 21-րո դարում մեքենայի հողմապակուն ինչ-որ թուղթ կպցնել պարտադրելը։ «Ամոթ է արդեն, հիմա ո՞ր թիվն է, ամեն ինչ էլեկտրոնային երևում է, և հնարավոր է օն-լայն պարզել, թե որ մեքենան տեխնիկական զննություն է անցել և որը չի անցել։ ՃՈ-ն ունի էլեկտրոնային համակարգ տեսախցիկների մեջ և պարզ երևում է մեքենայի պատմությունը։ Մենք պարտադիր ենք դարձնում տեխնիկական զննություն անցնելը և քաղաքացուն ազատում ենք բանկ այցելել, կտրոնի համար վճարելու պարտականությունից», -հավելեց Խաչատրյանը։

Տեխզննություն չանցնելու համար սահմանվում է տուգանք՝ 20 հազար դրամ։

  • Կիսվել: