Նախկին «խստաբարո» քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ձեռամբ Երևանի կենտրոնում կանաչապատ խաղահրապարակը կվերածվի հերթական «էլիտար» շինության
Սա Երվանդ Քոչար 13\2 հասցեում գտնվող երբեմնի մանկական խաղահրապարակն է, որը «խստապահանջ» ու «արդարության առաջամարտիկ» նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ոչ թեթև ձեռքով շուտով կվերածվի շինհրապարակի։ Հրաչյա Սարգսյանը որոշել է, որ Կենտրոն համայնքի շենքերի բակային տարածքի խաղահրապարակում Արաբկիր համայնքի բնակչուհի Աստղիկ Սարգսյանը պետք է կառուցի «հանրային նշանակության շինություն»։

Այսպիսով, Երևանի կենտրոնում գտնվող հերթական կանաչապատ տարածքը երեխաներից ու բնակիչներից կբռնազավթվի, կբետոնապատվի, դեռևս կանգուն մնացած ծառերը կկտրվեն ու տեղը վեր կհառնի ինչ որ հերթական էլիտար շինություն։ Թե ինչ տրամաբանությամբ է նախկին «ջղային դեմքով», PR-ի սիրահար քաղաքապետ, այժմ էլ վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը հավանություն տվել այս նախագծին թերևս մնում է անհայտ, բայց փաստը նրանում է, որ սույն որոշումը ընդունելիս, մոռացել են հարցնել շրջակա շենքերի բնակիչների կարծիքը, ինչպես շատ ու շատ նման դեպքերում։ Ենթադրվում է, որ երևանցիների շահից բացի, այս որոշումների հիմքում ընկած են շատ այլ շահեր։ Թե որ քաղաքապետի օրոք է տրվել այս տարածքը սեփականաշնորհելու թույլտվություն, կտեղեկացնենք Կադաստրի կոմիտեից մեր հարցման պատասխանը ստանալուն պես։
Ի դեպ նշենք, որ Կոմիտասի պողոտայում բնակղով տիկին Աստղիկը ամենայն հավանականությամբ չի ուզում բավարարվել միայն կանաչապատ տարածքը ոչնչացնելով, որոշել է իր «հանրային» նշանակության շինության մակերեսը ընդլայնել հարակից նեղլիկ փողոցի հաշվին նաև, ինչը դառնալու է պերմանենտ խցանումների պատճառ։
Ի դեպ վերջին փաստը չհերքեցին թե Կենտրոն համայնքապետարանի, թե քաղաքապետարանի աշխատակիցները։ Սակայն, ինչպես InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց Կենտրոն համայնքապետարանի Կոմունալ սպասարկման բաժնի աշխատակիցներից մեկը․ «Դե որոշումը քաղաքապետարանի կողմից հաստատված է, հարգելիս, մենք ինչ կարող ենք անել։ Եկել ենք, տեսել ենք՝ խնդիր կա, բայց նայել ենք նախագիծը, տեսել ենք, որ կառուցապատողը ոչ մի սանտիմետր հաստատված նախագծից չի շեղվել»։ Երևի «ջղային» ու «պահանջկոտ» նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շինթյուլտվությունը ստորագրելիս չի էլ եղել տարածքում, որ տեսնի թե ինչի տակ է ստորագրում, դե նա պաշտոնավարման ընթացքում մեծամասամբ զբաղված էր սեփական PR-ով՝ ժամանակ չուներ։

Իսկ քաղաքապետարանից InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստեցին, որ տարածքի սեփականատիրոջ հետ զրուցել են և հրահանգել կառուցապատման ժամանակ խստագույնս հետևել նախագծի պահանջներին, ինչը վերջինս խոստացել է անվերապահորեն կատարել։ Միայն թե անհայտ է մնում՝ նախագիծը նախատեսու՞մ է կառուցապատման ժամանակ բացի խաղահրապարակի տարածքից շինության տակ ներառել փողոցի մի մասը, թե ոչ։ Կամ եթե նույնիսկ չի նախատեսում, քաղաքապետարանի համար նորմա՞լ է, երբ երեխաներից խլում են կանաչապատ խաղահրապարակը, որպեսզի մեկ այլ համայնքի բնակիչ գա իրենց բակում ինչ որ հանրային նշանակության շինություն կառուցի։ Չէ որ ներկայիս փաստացի քաղաքապետ, իսկ դե-յուրե փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ամենօրյա ռեժիմով խոստանում է շտկել նախկինների սխալները, վերադարձնել Երևանը երևանցիներին, կանաչապատել և անտառապատել այն։Միգուցե սկսի կանաչապատ տարածքները ոչնչացնելու «դաբռո» տված որոշումների չեղարկումից։
Իսկ այս շինությունը վեր է հառնել մեկ տարի առաջ՝ այս անգամ փողոցի գազոնի հաշվին։ Այս բետոնի կույտը բարձրացնելու համար հատվել են 4-5 բազմամյա հաստաբուն սոսիներ։ Շինթույլտվությունը դարձյալ տրվել է «արդարության առաջամարտիկ» Հրաչյա Սարգսյանի կողմից։ Սեփականատիրոջ, սեփականության իրավունքի և շինության նշանակության մասին ինֆորմացիան կհրապարակեն հաջորդիվ։

Սույն հոդվածով ուզում ենք նաև քաղաքապետարանին տեղեկացնել, որ Երվանդ Քոաչար և հարակից փողոցներում, ինչպես նաև Կենտրոն համայնքում դեռ առկա են կանաչապատ թե բակային, թե պուրակային տարածքներ, որոնք կարող են հարմար շինհրապարակներ դառնալ նորանոր «էլիտար» բարձրահարկերի և «հանրային նշանակության շենքերի» համար։ Այնպես որ մի հապաղեք՝ «երկաթը տաք-տաք են ծեծում»։ Իսկ վերջում հիշեցնենք, որ Երևանի յուրաքանչյուր քաղաքապետ պաշտոնը ստանձնելիս, բառի բուն իմաստով երդվել է, որ իր օրոք այլևս Երևանի կենտրոնում կանաչապատ տարածքների հաշվին շինթույլտվություններ չեն տրվի։ Իսկ թե ժողովուրդը խոստումը դրժող մարդկանց ինչ որակումներ է տալիս, մեր նախկին ու ներկա քաղաքապետները թերևս բոլորից լավ գիտեն։


