Նախատեսվում է փոխհատուցում տրամադրել Ադրբեջանակի գործողություններից տուժած քաղաքացիներին. պատգամավոր
Հայաստանի խորհրդարանը սկսել է առաջին ընթերցմամբ քննարկել "Իմ քայլը" դաշինքի անդամների ներկայացրած "Սահմանամերձ գյուղերի սոցիալական աջակցության մասին" օրենքի փոփոխությունները:
"Իմ քայլը" խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, ներկայացնելով օրինագիծը, ասաց, որ փոփոխություններով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով քաղաքացիների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների համար:
Նա մանրամասնեց, որ եթե կրակոցների հետևանքով սահմանամերձ գյուղի բնակիչը վնասվածքներ ստանա, ապա նախատեսված անվճար բուժօգնությունից բացի՝ նրան կվճարվի մինչև 3 մլն դրամի փոխհատուցում՝ կախված ստացած վնասվածքի ծանրությունից։
Եթե հակառակորդի գործողությունները հանգեցնեն մահվան, ընտանիքի անդամներին կվճարվի 5 մլն դրամի փոխհատուցում։
Այս ամենից բացի՝ առաջարկվել է նաև այդ գյուղերի բնակիչներին փոխհատուցում վճարել, եթե գնդակոծությունների արդյունքում նրանք զրկվել են ընտանի կենդանիներից։ Ըստ պատգամավորի՝ հնարավոր է, որ փոխհատուցումն ընդլայնվի և վճարվի նաև գյուղատնտեսական տեխնիկայի ու այգիների ոչնչացման կամ վնասման դեպքում:
Գաբրիելյանի խոսքով՝ փոփոխություններով առաջարկվել է ամրագրել մարտական գործողությունների հետեւանքով վնասված բնակարանները վերականգնելու պետության պարտավորությունը:
Նոր փոփոխություններով նախատեսված է նաև սահմանամերձ գյուղերում բնակվող 4-12-րդ դասարանների աշակերտներին անվճար դասագրքերի տրամադրում:



