հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2020
Նախարարությունը հատկացումներ է արել թատրոնների և կինոկենտրոնի վերանորոգման համար

Նախարարությունը հատկացումներ է արել թատրոնների և կինոկենտրոնի վերանորոգման համար

Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ. այս մասին հայտնում են նախարարությունից:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին տարածքի վերակառուցման համար կտրամադրվի 102,715.7 հազ. դրամ: Կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվեն տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ:

«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 47,818.8 հազ. դրամ՝ շենքի վերանորոգման համար: Թատրոնում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կվերանորոգվեն հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները՝ մի քանի անձի միաժամանակյա սպասարկման համար: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գ. Լուսավորիչ փողոցի կողմից:

«Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 20,756.4 հազ. դրամ՝ լուսային սարքավորումների ձեռքբերման համար: Թատրոնի բեմական լուսային համակարգը վերջին անգամ նորացվել է 2003 թ. «Լինսի» հիմնադրամի շրջանակում: Ժամանակակից պահանջները և տեխնիկայի զարգացումը ենթադրում են նոր սարքավորումների օգտագործում՝ ներկայացումներն ավելի գունեղ և ժամանակակից դարձնելու համար:

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 5,523.2 հազ. դրամ՝ թատրոնի համար անհրաժեշտ լուսանկարչական ապարատի ձեռքբերման համար: Ձեռք բերված տեխնիկան կծառայի ներկայացումները բարձր որակով վիդեո նկարահանելու համար:

  • Կիսվել: