հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախագահի գլխավորությամբ քննարկվել է «Հայ պարկի» ստեղծման ծրագիրը

Նախագահի գլխավորությամբ քննարկվել է «Հայ պարկի» ստեղծման ծրագիրը

Համազգային այգու՝ «Հայ պարկի» ստեղծման ծրագիրն է այսօր քննարկվել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ նախագահի նստավայրում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Օրերս նախագահ Սարգսյանը ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու տարածքում «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը: Նա առաջարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում ստեղծել «Հայ պարկ»՝ համազգային այգի, որը կսկսվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից և կձգվի մոտավորապես 103 հեկտար:

«Այգու ստեղծման գաղափարի հիմքում միասնականությունն է: Այն լինելու է համազգային այգի, հիշողության այգի: Այն պետք է դառնա Ծիծեռնակաբերդի հուշարձանի գաղափարի շարունակությունը՝ միևնույն ժամանակ լուծելով թե՛ տարածքի բարեկարգման, թե՛ մայրաքաղաքի համար մեծ կանաչ գոտու ապահովման հարցը,- ներկայացնելով ծրագիրը՝ ասել է նախագահը: - Այգու նախագծի իրականացումը, դրա շուրջ հանրային քննարկումները, մարդկանց, կազմակերպությունների ներգրավումը նաև ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու, ինչն այս պահին շատ կարևոր է բոլորիս համար»:

Անդրադարձ է եղել նաև այգու նախագծի իրականացման մոտեցումներին: Նախագահը նշել է, որ հանրային այգիների ձևավորման և լանդշաֆտային ճարտարապետության մեջ մասնագիտաց­ած աշխարհահռչակ Randle Siddeley Associates ընկերությունը տարիներ առաջ իր պատվերով համապատասխան ուսում­նասիրություն է կատարել և մասնագիտական առաջարկ ներկայացրել:

Այգու գաղափարի գործնական իրականացման փուլում անհրաժեշտ կլինի ներգրավել տարբեր մասնագետների, ստեղծել մասնագիտական խումբ, որը կմշակի ճարտարապետական համալիրին համահունչ լուծումներ: «Մոտեցումն այն է, որ բոլոր լուծումներն ու նախագծերը դրվեն հանրային քննարկման: Կարևոր է, որ չվնասվի տարածքի ոչ մի ծառ և ոչ մի թուփ: Այգին պետք է ստեղծվի՝ պահպանելով եղածը և տնկելով նորերը»,- նշել է նախագահը:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին այգու ստեղծման գաղափարը հնչեցնելուց հետո հանրապետության նախագահի գրասենյակը բազմաթիվ արձագանքներ է ստացել Հայաստանի և Սփյուռքի տարբեր կազմակերպություններից, անհատներից, մասնագետներից, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել նախաձեռնությանը: Գաղափարը ողջունել և դրա իրականացմանն իրենց սատարումն են հայտնել նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:

 
 

  • Կիսվել: