ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժները հավելավճար ստանալու հնարավորություն ունեն

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժները հավելավճար ստանալու հնարավորություն ունեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի հավաքագրման գործընթաց: Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների համար այս գործընթացը ենթադրում է հավելավճար ստանալու հնարավորութուն:

Հրավիրված ասուլիսում  ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշեց, որ աշխատանքները տարբեր փուլեր են անցնում: Նախ նախակրթական հասատատությունների մանկավարժները պարտադիր պետք է վերապատրաստվեն: Այնուհետև, արդեն կամավորության սկզբունքով մանկավարժը կարող է դիմել տարակարգի՝ հավելավճար ստանալու համար:

«Վերապատրաստումն իրականացվում է բացառապես պետական բյուջեի հաշվին: Մանկավարժը պարտադիր վերապատրաստվելուց, սահմանված բնութագրիչներին համապատասխանելուց հետո կարող է ներկայացնել փաստաթղթերը հավելավճար ստանալու համար: Հավելավճարի չափը կախված է, թե մանկավարժը քանի բնութագրիչի է համապատասխանում»,-ասաց Թեհմինե Կարախանյանը:

Ստուգվում է նախ մանկավարժի գործնական աշխատանքը՝ ինչ տիպի աշխատանքով է տարբերվում իր կոլեգաներից, ինչպես է կազմակերպում երեխաների ընտանիքների հետ համագործակցությունը, ինչպես է պլանավորում իր պարապմունքները և այլն: Այսինքն՝ ընդհանուր սահմանված է 9 բնութագրիչ: Առաջին աստիճանի դեպքում մանկավարժը պետք է համապատասխանի 3-ից ոչ պակաս բնութագրիչի, երկրորդ աստիճանի դեպքում՝ 5 բնութագրիչի, 3-րդ աստիճանի դեպքում՝  7 և ավելի բնութագրիչի:

Այսօր մանկավարժների աշխատավարձը տատանվում է 70 000-100 000 դրամի սահմաններում: Առաջին աստիճանի տարակարգի դեպքում հավելավճարը կազմում է նվազագայուն աշխատավարձի 30 տոկոսը, երկրորդ աստիճանի դեպքում՝ 40 տոկոսը, երրորդ աստիճանի դեպքում՝ 50 տոկոս:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս, Երևանի թիվ 6 մսուր-մանկապարտեզի մեթոդիստ Իրինա Պոնոմարենկոն նշեց, որ հավելավճար ստանալու հնարավորությունը բավական մոտիվացնող է:

«Շատ սպասված փոփոխություն է, վերջապես մանկավարժները կարող են ցույց տալ իրենց կատարած աշխատանքը, գնահատվեն: Այսօր նախատսվում է նաև վերապատրաստման ծրագիր ֆիզկուլտ-հրահանգիչների, երաժշտության դաստիարակների, մեթոդիստների համար»,-ասաց Իրինա Պոնոմարենկոն:

Արևիկ Նիկողոսյանը գործող մանկավարժ է, աշխատում է Չարենցավանի «Հրաշք» մսուր-մանկապարտեզում: Կարևորելով նման նխաձեռնությունը՝ նշեց, որ ինքը պատրաստվում է դիմել հավելավճար ստանալու համար:

«Շատ ողջունելի է, որ այսքան տարի անց նման հնարավորություն կա: Ես շահագրգիռ եմ այս հարցում ու պատրաստվում եմ մասնակցել: Չորս բնութագրիչի համապատասխանում եմ: Ասեմ, որ դաստիարակների շրջանում ոգևորություն կա, բոլորն էլ դրական են գնահատում: Լավ հնարավորություն է կրթվելու, վերապատրաստվելու և հավելավճար ստանալու համար»,-ասաց Արևիկ Նիկողոսյանը:

Մանկավարժներն ազատ են հավելավճարի համար դիմումներ ներկայացնելու հարցում: Որևէ վերջնաժամկետ այդ առումով նախատեսված չէ:

Վերը նշված հնարավորությունը միակը չէ, այն բարեփոխումների ընդհանուր գործընթացի մի բաղադրիչն է: Նախակրթական համակարգում բարեփոխումները նախանշված են մի քանի ուղղություններով՝ մանկապարտեզաշինություն, մասնագիտական որակի բարձրացման վարձատրության ներդրում, նախադպրոցական կրթության բովանդակության վերանայում:

  • Կիսվել: