հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները հավելավճար ստանալու հնարավորություն ունեն

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները հավելավճար ստանալու հնարավորություն ունեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի ընդունում:

Գործընթացի վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս, Երևանի թիվ 6 մսուր-մանկապարտեզի մեթոդիստ Իրինա Պոնոմարենկոն և Չարենցավանի «Հրաշք» մսուր-մանկապարտեզի մանկավարժ Արևիկ Նիկողոսյանը:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշել է, որ նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվում են մի շարք բարեփոխումներ, որոնք նախանշված են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. և «Կրթության՝ մինչև 2030 թ․ զարգացման պետական» ծրագրերում:

Նա նաև շեշտել է, որ բարեփոխումներն ընթանում են 3 մեծ ուղղություններով՝ մանկապարտեզաշինություն, մասնագիտական որակի բարձրացման ու վարձատրության փոխադարձ մեխանիզմի ներդրում և նախադպրոցական կրթության բովանդակության վերանայում: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տարակարգի միջոցով հավելավճարի շնորհումը, ըստ Թեհմինե Կարախանյանի, ոլորտում իրականացվող բարեփոխումներից մեկն է, որի բնութագրիչները և հավելավճարի տրամադրման կարգն ամրագրված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով:

Նրա խոսքով` նախադպրոցական հաստատությունների մանկավարժների համար տարակարգի շնորհման գործընթացը ենթադրում է հավելավճար ստանալու հնարավորություն. «Նախակրթական հաստատությունների մանկավարժները նախ պետք է պարտադիր վերապատրաստվեն, որն իրականացվում է բացառապես պետական բյուջեի հաշվին: Մանկավարժը պարտադիր վերապատրաստվելուց, սահմանված բնութագրիչներին համապատասխանելուց հետո արդեն կամավորության սկզբունքով կարող է դիմել տարակարգի՝ հավելավճար ստանալու համար: Հավելավճարի չափը կախված է, թե մանկավարժը քանի բնութագրիչի է համապատասխանում»:

Թեհմինե Կարախանյանը մանրամասնել է բնութագրիչները, ըստ որոնց՝ տրամադրվում է հավելավճարը. «Ստուգվում է նախ մանկավարժի գործնական աշխատանքը՝ ինչ տիպի աշխատանքով է տարբերվում իր կոլեգաներից, ինչպես է կազմակերպում երեխաների ընտանիքների հետ համագործակցությունը, ինչպես է պլանավորում իր պարապմունքները, որքանով է պարապմունքի ընթացքում ապահովում ներառականությունն ու մասնակցայնությունը և այլն: Այսինքն՝ ընդհանուր սահմանված է 9 բնութագրիչ»:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետը նշել է նաև, որ տարակարգի առաջին աստիճանի դեպքում մանկավարժը պետք է համապատասխանի 3-ից ոչ պակաս բնութագրիչի, երկրորդ աստիճանի դեպքում՝ 5 բնութագրիչի, 3-րդ աստիճանի դեպքում՝ 7 և ավելի բնութագրիչի:

 

«Այսօր մանկավարժների աշխատավարձը տատանվում է 70.000-100.000 դրամի սահմաններում: Առաջին աստիճանի տարակարգի դեպքում հավելավճարը կազմում է նվազագույն աշխատավարձի 30 տոկոսը, երկրորդ աստիճանի դեպքում՝ 40 տոկոսը, երրորդ աստիճանի դեպքում՝ 50 տոկոսը»,- ասել է Թեհմինե Կարախանյանը:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս, Երևանի թիվ 6 մսուր-մանկապարտեզի մեթոդիստ Իրինա Պոնոմարենկոն իր հերթին նշել է, որ հավելավճար ստանալու հնարավորությունը բավական մոտիվացնող է. «Շատ սպասված փոփոխություն է. վերջապես մանկավարժները կարող են ցույց տալ իրենց կատարած աշխատանքը և գնահատվել: Նախատեսվում է նաև վերապատրաստման ծրագիր ֆիզկուլտ-հրահանգիչների, երաժշտության դաստիարակների, մեթոդիստների համար»:

Արևիկ Նիկողոսյանն աշխատում է Չարենցավանի «Հրաշք» մսուր-մանկապարտեզում: Նա կարևորել է տարակարգի շնորհման գործընթացը՝ նշելով, որ պատրաստվում է դիմել հավելավճար ստանալու համար. «Շատ ողջունելի է, որ այսքան տարի անց նման հնարավորություն կա. ես ևս պատրաստվում եմ մասնակցել: Չորս բնութագրիչի համապատասխանում եմ: Դաստիարակների շրջանում ոգևորություն կա, բոլորն էլ դրական են գնահատում: Լավ հնարավորություն է կրթվելու, վերապատրաստվելու և հավելավճար ստանալու համար»:

 

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանն ավելացրել է, որ արդեն պարտադիր վերապատրաստում են անցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1041 մանկավարժներ, և ենթադրվում է, որ տարակարգի համար կդիմի վերապատրաստված ուսուցիչների 20-30 տոկոսը:

Ասուլիսի ընթացքում Թեհմինե Կարախանյանը խոսել է նաև մանկապարտեզ-ծնողական համայնք սերտ համագործակցության, Երևանում և համայնքներում մանկապարտեզների կառուցման և վերանորոգման ծրագրի ու այլ հարցերի մասին:

  • Կիսվել: